Հասարակական մի ակտիվիստ կառավարության աստիճաններից իջնելուց հետո լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, որ ԱԱԾ-ում մի սպա իրեն ինֆորմացիա է մատակարարում ԱԱԾ-ի տնօրենի ու առհասարակ, ԱԱԾ-ի անցուդարձի մասին ու դրանից հետո նա չի հարցաքննվում, այդ սպան չի հայտնաբերվում ու դատապարտվում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։

«Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը». Նիկոլ Փաշինյան

«Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը» և, առհասարակ, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը գնում:

- Եթե կրթության, գիտության ու մշակույթի (!!!!!!!!!!!) փոխնախարար է նշանակվում մի երիտասարդ, որը ֆեյսբուքում, մինչև նշանակումը, ամենավերջին հայհոյանքներով լի գրառումներ էր անում, ապա ինչ կրթության ու մշակույթի մասին է խոսքը գնում և արդյոք «պետական համակարգը» ճիշտ չի անում, որ նման «հեղափոխությանը» դիմադրում է։ Առավել ևս, որ հետագայում այդ անձը կոռուպցիայի մեջ է մեղադրվում։

- Հասարակական մի ակտիվիստ կառավարության աստիճաններից իջնելուց հետո լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, որ ԱԱԾ-ում մի սպա իրեն ինֆորմացիա է մատակարարում ԱԱԾ-ի տնօրենի ու առհասարակ, ԱԱԾ-ի անցուդարձի մասին ու դրանից հետո նա չի հարցաքննվում, այդ սպան չի հայտնաբերվում ու դատապարտվում։ Որից հետո ԱԱԾ-ի տնօրենը հեռացվում է, այդ ակտիվիստը կառավարությունից գումար է ստանում, ապա ինչ «պետական համակարգի» գոյության մասին է խոսվում ու ինչո՞ւ այդ համակարգը չպետք է դիմադրի «հեղափոխությանը», եթե ցանկանում է շարունակել իր գոյությունը։

- Եթե դատարանները շրջափակվում են, դատավորներին գործադիր իշխանության ղեկավարը հրապարակայնորեն վիրավորում է, ապա ի՞նչ դատական համակարգի մասին է խոսքը գնում։

- Եթե հրապարակում ոմն մեկը հայտարարում է, որ սատկացնելու է Արցախի նախագահին, որից հետո չի պատժվում, իսկ Արցախը հայտարարվում է հակահեղափոխության օջախ, ապա ինչո՞ւ պետք է Արցախը դիմադրի, անկախ նրանից, թե այնտեղ կոռուպցիա կա, թե ոչ։ Չէ՞ որ Արցախի կոռուպցիային չէին ցանկանում սատկացնել, այլ այն իշխանությանը, որին, ըստ վարչապետի, Արցախի ժողովուրդն է ընտրել։

Այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել, բայց ցանկություն չկա։

Ու վերջապես, որտեղ գտնենք այն թուղթը, որում նկարագրվում է հեղափոխության նպատակները, առանց ոչինչ չասող «կոռուպցիայի դեմ պայքար», «ժողովրդի իշխանություն» ու նմանատիպ վերացական արտահայտությունների, որ հասկանանք, թե ով ում ու ինչի համար է դիմադրում»,– գրել է նա։