Ես կարծում եմ՝ ՍԴ–ի դատավորներն ուղղակի անտեսելով այս նախագիծը, շարունակելով իրենց գործունեությունը, իրենց պատասխանը կտան այդ նախագծին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Մենք ամենաբուռն կերպով այն քննադատեցինք, եւ կարծում ենք, որ եթե դատավորների գործունեությունը խնդրահարույց է, եթե իրենք երբեւե որեւէ օրենք են խախտել, ապա դրա համար իրենք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Եթե ոչ, ուրեմն նրանք պետք է շարունակեն պաշտոնավարել։ Եվ եթե դատավորներն ունեն մասնագիտական պատիվ, ուրեմն նրանց համար պետք է նվաստացուցիչ լինի այս առաջարկը, ես կարծում եմ, որ նրանք չեն գնա այս քայլին»,– ասաց նա։

Հարցին, թե ինչն է խանգարում ընդդիմությանը «հարմարվել նոր իրավիճակին», ինչպես Պարոն Միրզոյանը կոչ արեց, Գորգիսյանը պատասխանեց. «Պարոն Միրզոյանը այլ բանի մասին էր ասում, որ երբեմն մենք խուսափում ենք կտրուկ քայլեր անելուց, ինչը իրենք արեցին, եւ եղավ հեղափոխություն, եւ իրենք եկան իշխանության։ Ես պատասխանեցի հենց այդ ժամանակ պարոն Միրզոյանին։ Հիմնական ուղերձը պարոն Միրզոյանի կայանում էր նրանում, որ մենք հեռատես ենք, փաստացի։ Որովհետեւ բոլոր այն մտահոգությունները, որ մենք հայտնում էինք, ամիսներ հետո, տարիներ հետո նրանց քաղաքական ուժը գալիս է նույն լուծումների։ Սկսած կառավարության կառուցվածքային փոփոխություններից, երբ հիմա արդեն իրենց շրջանակներում քննարկվում է Ներքին գործերի նախարություն ունենալու հարցը, կարծես նրանք կողմ էին արդեն, որ ԱԱԾ–ն ու ոստիկանությունը դառնան քաղաքական պաշտոններ, ինչպես նախնական մեր առաջարկով կար կառավարության նախնական կառուցվածքի մասին։  Մենք խոսում ենք, որ անձերը էական չեն, անձերը գալիս ու գնում են։ Եւ եթե կա նույնիսկ լավ թագավոր, միեւնույնն է, նա ունենալու ավարտ։

Իսկ նոր իրավիճակի հետ կապված, կարծում եմ, շատ ժամանակ հենց քաղաքական մեծամասնության անդամներն են մնացել հնում, անընդհատ հիշելով հեղափոխություն, հակահեղափոխություն, սեւեր, սպիտակներ։ Օրեր առաջ լրացավ ընտրությունների մեկ տարին, այդ օրվանից սկսած այդ դիսկուրսը գոյություն չունի։ Չկան այլեւս հեղափոխականներ ու հակահեղափոխականներ։ Այդ օրվանից սկսած՝ կա Ազգային ժողով, կան քաղաքական ուժեր, որոնք զբաղված են քաղաքականությամբ։ Բայց ցավոք սրտի՝ «Իմ քայլի» մեջ կան պատգամավորներ, որոնք շարունակում են այդ դիսկուրսը։ Այ նրանք նոր իրավիճակի հետ ադապտացվելու կարիք ունեն, կարծում եմ»։