Օսմանյան կայսրությունում 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման Սենատի բանաձեւի ընդունումը անպատասխանատու քայլ է, որը երկարաժամկետ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բանաձեւը ոչ մի լավ բան չի բերի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին․․․ Այն պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների անպատասխանատու եւ իռացիոնալ գործողություններ Թուրքիայի դեմ։ Նրանք պատասխանատվություն կկրեն երկու երկրների հարաբերություններին երկարաժամկետ վնաս հասցնելու համար»,- գրել է նա Twitter-ում։

«Մենք ասել ենք, որ պատմությունը ոչ թե պետք է բաժանի ժողովուրդներին, այլ միավորի նրանց։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ վերջին ամիսներին ամեն կերպ փորձում էին անտեսել ՆԱՏՕ-ում իր դաշնակցի տեսակետն ու զգոնությունը, եւ անպատասխանատու էին գործում՝ հարվածի տակ դնելով երկու ազգերի եւ երկրների կապերը»,- հայտարարել է պաշտոնյան։

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Ավելի վաղ նման բանաձեւ էր ընդունել Ներկայացուցիչների պալատը։