Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդական ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Ստերջենը խոստացել է պահանջել Լոնդոնից Էդինբուրգին անկախության հանրաքվեի անցկացման օրինական իրավունք տալ՝ դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաջողության դեպքում։ Այս մասին նա ասել է ուրբաթ, ձայների հաշվարկման ժամանակ։ ՇԱԿ-ն արդեն ավելի լավ ցուցանիշ ունի, քան 2017-ի ընտրություններում, եւ փորձում է դառնալ Շոտլանդիայի շահերի գրեթե միակ ներկայացուցիչը բրիտանական խորհրդարանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հիմա մենք մանդատ ունենք Շոտլանդիայի մարդկանց առաջարկելու՝ ընտրել իրենց սեփական ապագան»,- ասել է նա Sky News հեռուսաալիքի եթերում։

«Բորիս Ջոնսոնը ունի Մեծ Բրիտանիան Եվրամիությունից հանելու մանդատ։ Բայց չունի ԵՄ-ից Շոտլանդիան հանելու մանդատ»,- ընդգծել է Ստերջենը՝ հիշեցնելով, որ 2016 թվականի հանրաքվեի ժամանակ շոտլանդացիները դեմ են քվեարկել Brexit-ին։

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 2014 թվականին։ Այն ժամանակ նրա մասնակիցների 55 տոկոսը կողմ է եղել Էդինբուրգի եւ Լոնդոնի միջեւ միության պահպանմանը։ Բայց շրջանում կառավարող ՇԱԿ-ն օգտվել է համաբրիտանական հանրաքվեի արդյունքներից՝ ԵՄ հետագա անդամակցության մասին, որտեղ Շոտլանդիայի բնակչությունը, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, մեծ մասամբ չի աջակցել Brexit-ին։ Այս հանգամանքը առիթ է տվել անկախության նոր հանրաքվեի անցկացման գաղափարի համար, որը Ստերջենը պատրաստվում է կազմակերպել մինչեւ 2021 թվականին շոտլանդական խորհրդարանի ներկա գումարման լիազորությունների ավարտը։