Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը երկիր գալուց հետո Արգենտինայից փախստականի կարգավիճակ է խնդրել քաղաքական ապաստանի փոխարեն։ Այս մասին տեղեկացրել է հարավամերիկյան հանրապետության ԱԳՆ-ն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մորալեսը եւ (Բոլիվիայի առողջապահության նախկին նախարար Գաբրիելա) Մոնտանյոն ստորագրել են համապատասխան խնդրագիր Էսեյս օդանավակայանում, եւ առաջիկայում կստանան այդ կարգավիճակը»,- ասվում է հաղորդագրությունում։

Մորալեսը, որը նախագահի պաշտոնից հրաժարականից հետո քաղաքական ապաստան էր ստացել Մեքսիկայում, եւ Մոնտանյոն թռել են Բուենոս Այրես հինգշաբթի առավոտյան։ Մինչ նրանց ժամանելը Արգենտինայի կառավարությունը նրանց եւ Մորալեսի վարչակազմի եւս երեք նախկին անդամների քաղաքական ապաստան էր տվել։

Համաձայն արգենտինական օրենսդրության՝ փախստականները ունեն նույն իրավունքները, ինչ եւ ցանկացած օտարերկրյա քաղաքացի, որը կեցության իրավունք է ստանում Արգենտինայում։ Օրենքում չի ասվում, որ փախստականը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, բայց ավելի վաղ Արգենտինայի ԱԳՆ ղեկավար Ֆելիպե Սոլան ասել էր, որ հանրապետության կառավարությունը խնդրել է Մորալեսին «պարտավորվել քաղաքական հայտարարություններ չանել Արգենտինայի տարածքից»։ Դեկտեմբերի 7-ին Բոլիվիայի նախկին նախագահը տեղեկացրել էր, որ «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը իրեն նշանակել է պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում քաղաքական ուժի թեկնածուի շտաբի ղեկավար։

Բոլիվիայում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Համաձայն Բարձրագույն ընտրական դատարանի տվյալների՝ ձայների մեծամասնությունն ստացել էր Մորալեսը՝ այդ պահին երկրի գործող նախագահը։ Նրա գլխավոր մրցակից Կառլոս Մեսան հայտարարել էր, որ չի ընդունում մրցակցի հաղթանակն առաջին փուլում։

Բողոքի երեք շաբաթներից հետո Մորալեսը թողեց պաշտոնը՝ իրավիճակը բնութագրելով որպես պետական հեղաշրջում։ Նրա օրինակին հետեւեցին փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան եւ խորհրդարանի երկու պալատների նախագահները, որոնք, համաձայն սահմանադրության, հաջորդն էին, որ կարող էին ընդունել պետության ղեկավարի լիազորությունները։ Սենատորների պալատի երկրորդ փոխխոսնակ Ժանին Անյեսը, որը ներկայացնում է ընդդիմությունը, հայտարարեց, որ ստանձնում է նախագահի պարտականությունները մինչեւ նոր ընտրությունների անցկացումը, եւ նշանակեց իր կառավարությունը։