Հոնկոնգի ոստիկանությունն իր աշխատակիցներին վճարել է 950 մլն հոնկոնգյան դոլար (122 մլն) որպես արտաժամյա աշխատանքի վճար բողոքի ցույցերի վեցամսյա ընթացքի համար։ Այս տեղեկատվությունն ուրբաթ տրամադրել է Չինաստանի հատուկ վարչական շրջանի անվտանգության վարչությունը Օրենսդիր խորհրդի ֆինանսական կոմիտեի լսումների ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Զեկույցում նշվում է, որ միջինը 11 հազար սպա զանգվածային ցույցերի ժամանակ ամեն ամիս ստիպված է եղել աշխատել արտաժամյա, եւ դրա համար նրանց փոխհատուցում է վճարվել։ Գերատեսչությունում հավաստիացրել են, որ ոստիկանների աշխատանքի առավելագույն ժամանակը չպետք է գերազանցի ամսական 60 ժամը։

Հոնկոնգի ոստիկանության աշխատակիցների ընդհանուր հաստիքը 31 հազար մարդ է։ Ընթացիկ ֆինանսական տարում իրավապահ մարմիններին պահելու համար բյուջեից հատկացվել է 20,2 մլրդ հոնկոնգյան դոլար (2,6 մլրդ դոլար)։

Ամռան սկզբին Հոնկոնգում սկսվեցին զանգվածային ցույցեր տեղի իշխանությունների ընդունած օրինագծի հետ կապված, որը թույլ էր տալիս իրավախախտներին հանձնել մայրցամաքային Չինաստանին։ Չնայած օրենքը հետ կանչվեց, բայց ընդդիմության կողմնակիցները՝ երիտասարդ ուսանողները, շարունակեցին հակակառավարական ելույթները։ Նրանք պարբերաբար փակում են ճանապարհները, վանդալիզմի ակտեր կիրառում։ Բայց վերջին ամսին իրավիճակը քաղաքում հանգիստ է, հանրահավաքները խաղաղ են ընթանում։