Հայաստանի եւ Ռուսաստանի լրատվամիջոցները պետք է ձեւավորեն մեր երկրների դրական կերպար: Այս մասին դեկտեմբերի 13-ին Երեւանում «Լազարյան ակումբի» երրորդ նիստի բացմանը ելույթ ունենալիս հայտարարեց Ռուսաստանի Դաշնության առաջին, չորրորդ, հինգերորդ եւ յոթերորդ գումարումների Պետական դումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը:

Նա հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ այս նույն դահլիճում տեղի է ունեցել ռուս-հայկական հասարակայնության եւ քաղաքացիական միությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

Նիստի մասնակիցներն այսօր քննարկում են «Ռուսաստանի եւ Հայաստանի լրատվամիջոցներ՝ անկեղծ զրույց» թեման: Զատուլինի խոսքով՝ այս թեման են ընտրել, որովհետեւ «Հայաստանում Ռուսաստանի կերպարը եւ Ռուսաստանում Հայաստանի կերպարը» պետք է առաջին հերթին մտահոգի հարաբերությունների զարգացմամբ խանդավառված անձանց. «Մենք շահագրգռված ենք, որ մեր երկրների կերպարները բացառապես դրական լինեն»:

«Բնական պատճառներով այդպես ոչ միշտ է լինում: Մենք չենք միայն հանրային կարծիք ձեւավորում, եթեր դուրս գալիս կամ հոդվածներ տպագրում: Սրան կբախվենք նաեւ հետագայում: Ակումբում տեղի ունեցող ամեն ինչին հետեւում են ոչ միայն բարեկամները, այլեւ գաղափարական հակառակորդները»,- նշեց Զատուլինը:

Կոնստանտին Զատուլինը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահի աշխատակազմին, որն աջակցել է նիստի անցկացմանը, ինչպես նաեւ ավանդաբար բարեկամ հովանավորներին: Նա հայտնեց, որ ակումբի գրադարանն արդեն համալրվում է: «Թաներ Աքչամի գրքի առաջին հրատարակությունը, որը, ի տարբերություն Թուրքիայում շատերի, կարեւոր է համարում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը: Սա ռուսերենով առաջին հրատարակությունն է: Նախաձեռնությունը պատկանում է Վլադիմիր Նադեին Ռայեւսկուն»,- հայտնեց Զատուլինը: Երկրորդ հրատարակությունը նախորդ նիստի նյութերի ժողովածուն է, ինչպես նաեւ իր Զատուլինի ելույթների ժողովածուն (լույս կտեսնի տարեվերջին):