Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան: Այս մասին դեկտեմբերի 13-ին Երեւանում ընթացող «Լազարյան ակումբի» երրորդ նիստում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Կարապետյանը, ելույթը սկսելով տեխնիկական դիտողությունից, հայտնեց, որ այսուհետեւ դրանք անցկացվելու են լեզվի մասին օրենքին համապատասխան, ինչը նախատեսում է հայերենով թարգմանություն: Վարչապետի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ գործընկերությունը հիմնված է բարեկամության եւ ռազմավարական հարաբերությունների վրա, իսկ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո նոր որակ է ձեռք բերել:

Կարապետյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի է ունեցել 6 հանդիպում, դրանցից չորսն այս տարի, տեղի են ունեցել 2 երկրների վարչապետների հանդիպումներ: Սա երկրների միջեւ հարաբերությունների եւ վստահության մակարդակի արտահայտությունն է, շեշտեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտոնական այցերի կազմակերպման մասին, եւ առաջիկա ամիսներին Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով ՌԴ կայցելի: «Մենք հաճույքով ՌԴ նախագահին կսպասենք Հայաստանում պաշտոնական այցով»,- ասաց Կարապետյանը՝ նշելով գերատեսչությունների եւ նախարարությունների արդյունավետ աշխատանքը: Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանության եւ ԱԳ նախարարների այցերը Հայաստան արդյունավետ էին, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց մեկ շաբաթ հետո Սանկտ Պետերբուրգ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցի մասին՝ ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար եւ բարձր մակարդակով հանդիպումների մասին:

Մամուլի քարտուղարն ընդգծեց, որ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահությունը նշանավորվեց արդյունավետ եւ հեռուն գնացող ձեռքբերումներով, ընդլայնվեց աշխարհագրությունը. Երեւանում պայմանագիր ստորագրվեց Սինգապուրի հետ, ուժի մեջ մտան Չինաստանի եւ Իրանի հետ համագործակցության մասին պայմանագրերը: «Մենք ամեն ինչ արել ենք միջազգային մակարդակով կազմակերպության հեղինակության բարձրացման համար»,- ընդգծեց Կարապետյանը:

Խոսելով Հայաստանում լրատվամիջոցների գործունեության մասին՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ երկրում փոփոխություններից հետո մամուլն ազատ աշխատելու հնարավորություն է ստացել, ինչն արտացոլված է միջազգային կազմակերպությունների վարկանիշներում: Օրինակ՝ «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության վարկանիշում Հայաստանը դիրքերը բարելավել է 19 կետո՝ զբաղեցնելով 61-րդ տեղը: Հայաստանն աշխարհում 8-րդ տեղում է համացանցի ազատության մակարդակով: «Հաջողություններ կան, բայց կան նաեւ մարտահրավերներ: Հեղափոխությունից հետո լրատվամիջոցների մեծամասնությունը շարունակում է մնալ ընդդիմության, նախկին իշխանությունների վերահսկողության տակ՝ տարածելով այն, ինչը կոչվում է ֆեյք նյուզ»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է իրավիճակը փոխել կառավարական կառույցների արգասաբեր աշխատանքի մասին տեղեկություններ տարածելով: