Թուրքմենստանի իշխանությունները որոշում են ընդունել ներման եւ համաներման ակտեր չկիրառել կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվածների համար, տեղեկացրել է «Նեյտրալնի Տուրկմենիստան» թերթը։

Համապատասխան օրենքը Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ստորագրել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, այն հրապարակվել է մամուլում։

Օրենքը նախատեսում է օրենսգրքի 80-րդ հոդվածը լրացնել հետեւյալ կերպ. «Կոռուպցիայի եւ թմրանյութերի, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչված մարդկանց հանդեպ ներման եւ համաներման ակտեր չեն կիրառվում»։

Թմրավաճառների ներման եւ համաներման արգելքը երկրում ընդունվել է 2015 թվականին։

Սույն օրենքը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման պահից։

Դեկտեմբերի սկզբին թուրքմենական հեռուստատեսությունը տեղեկացրեց, որ կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար դատապարտվել են ՆԳՆ նախկին նախարար Իսգենդեր Մուլիկովը եւ պետական միգրացիոն ծառայության նախկին նախագահ Մեյլիս Նոբատովը։

Թուրքմենստանում ներում հայտարարվում է տարեկան 4-5 անգամ՝ ի պատիվ պետական տոների եւ հիշարժան օրերի։