Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային բաժնի աշխատակիցները անձնական այլ եւ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին եւ դեկտեմբերի 4-ին որոշումներ են կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու եւ մեկ վարույթում միացնելու մասին։

Հիշյալ քրեական գործով հետագա նախաքննությունը 2019թ. դեկտեմբերի 7-ից շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումքով ստեղծվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները:

Ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ սահմանված մաքսավճարները վճարելուց խուսափելու նպատակով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք ստացել են կաշառք:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի պետ Տ. Հ.-ին, նույն բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ Ա. Ա.-ին, Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Վ. Շ.-ին, 4-րդ բաժանմունքի պետ Տ. Ս.-ին, 3-րդ բաժանմունքի պետ Է. Ֆ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու համար, իսկ 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ Գ. Փ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար:

Միեւնույն ժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան Գ. Փ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ 2 քաղաքացիների, որոնցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Միեւնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվել հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավորությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի կարգով դադարեցնելու ուղղությամբ։

Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում շարունակվում է քրեական գործի նախաքննությունը՝ դրա լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։