Ռոբերտ Քոչարյանի զգացողությունը լավ է, առողջական լուրջ խնդիրներ չկան, օրերի հարց է, կազդուրվելու է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, «Լազարեւյան ակումբի» 3–րդ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Ես վստահ չեմ, որ նոր վիրահատություն է եղել, ենթադրում եմ, որ եղել է, պետք է տեղեկանամ եւ լրացուցիչ կտեղեկացնեմ»,– ասել է Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ տեղյակ չէ մանրամասներին, քանի որ իրավունք չունի կապ հաստատել Ռոբերտ Քոչարյանի։

«Իրավունք չունեմ կապ հաստատել նախագահի հետ՝ ելնելով նրա ապօրինի կալանքից, հետեւաբար տեղեկություններս մի փոքր ուշանում են, իմանում եմ փաստաբանների եւ հարազատների միջոցով, որոնք օրենքով թույլատրված իրավունք ունեն»,– ասաց Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ նույն կերպ հեռագրեր ուղարկելիս են խնդիրներ առաջանում, մասնավորապես, ժամանակի հետ կապված. «Հեռագրեր, ցավակցական կամ շնորհավորական, որոնք հղվում են նախագահի անունից, խնդիր ունենք նախ իրեն տեղեկացնել տեղի ունեցածի մասին, հետո նոր ստանալ իր արձագանքը, հետո նոր տարածել»։

Ավելի վաղ հայտնել էին, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 12-ին, հետվիրահատական պլանային բուժզննում է անցել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը, զննման արդյունքներով որոշվել է առաջիկա օրերին շարունակել Քոչարյանի ռեաբիլիտացիան ստացիոնար պայմաններում։