2019 թվականն անչափ հաջող էր հայ-ռուսական հարաբերությունների համար: Այս մասին դեկտեմբերի 13-ին Երեւանում ընթացող «Լազարյան ակումբի» նիստում հայտարարեց «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտավերլուծական հասարակական կազմակերխության նախագահ Արամ Սաֆարյանը:

Հակիրճ  հիշեցնելով անցնող տարում Հայաստանի հաջողությունների մասին՝ Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, ՌԴ պաշտպանության եւ ԱԳ նախարարների այցերը Երեւան, առաջին անգամ պատմության մեջ ՌԴ սահմաններից դուրս ՀԱՊԿ ԽՎ նիստի անցկացումը Հայաստանում, Սաֆարյանը այն անվանեց նոր հնարավորությունների տարի:

Միաժամանակ, Սաֆարյանն արձանագրեց վերջին 5 տարում ԵՏՄ հանդեպ հետարքրության նվազումը՝ 70-ից մինչեւ 56-58 տոկոս, ինչը վկայում է, որ մարդիկ չեն գտնում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Նրա խոսքով՝ իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է ստեղծել փորձագիտական հարթակներ, որ ՀԱՊԿ եւ ԵՏՄ գործունեությունը դարձվի հասկանալի եւ ընդունելի:

«Ե՞րբ ենք վերջին անգամ կենտրոնական խոշոր հեռուստաալիքներով լավ հաղորդումներ տեսել ԵՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի մասին, բացի այցերի եւ հանդիպումների լուսաբանումից»,- հարց տվեց Սաֆարյանը: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին անդամակցությունն իսկապես ձեռնտու է, այդ մասին է խոսում թվերի համեմատությունը: Սակայն անհրաժեշտ է մտածել այն մասին, թե օգուտն ինչպես հասկանալի դարձնել միլիոնավոր մարդկանց: Դրա համար անհրաժեշտ է փորձագիտական հարթակներ ստեղծել, իսկ պետությունների ղեկավարները հանդիպումների ժամանակ կարող են քննարկել փորձագետների կողմից իրենց առաջարկված հարցերը: