Հայաստանի եւ Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը Զինված ուժերն են, բանակն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր արձանագրումն է,որ Հայաստանի եւ Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը Զինված ուժերն են, բանակն է։ Այս առումով կարեւոր եմ համարում, որ վերջին 1,5 տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների, այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն եւ ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետեւ, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ, եւ մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորտում, Զինված ուժերի զարգացման բնագավառում։ Բայց սպառազինությունների ձեռքբերումը այս ոլորտում կառավարության վարած քաղաքականության մի հատվածն է ընդամենը»,-նշեց նա:

Վարչապետը շեշտեց՝ շատ կարեւոր է համարում, որ լրջագույն քայլեր են արվել Զինված ուժերի ծառայողների ծառայության պայմանները բարելավելու, սոցիալական երաշխիքները մեծացնելու եւ ավելի գործուն դարձնելու ուղղությամբ․ «Այս ուղղությամբ նույնպես մենք մեր աշխատանքները շարունակելու ենք: Իհարկե, այս համատեքստում կան բազմաթիվ քննարկումներ, հրապարակումներ, քննադատություններ: Ես դրանք կբաժանեի երկու մասի: Առաջին՝ ցանկացած բարեփոխման գործընթաց միշտ էլ որոշակի անհարմարություններ եւ նույնիսկ հակազդեցություն է առաջացնում, եւ սա բնական մասն է: Բայց կա նաեւ երկրորդ հատվածը, որ իհարկե, մենք բոլոր քննադատություններին պետք է լինենք ուշադիր, որպեսզի այն բարեփոխումները եւ փոփոխությունները, որ մենք իրականացնում ենք իրենց բովանդակությամբ, կատարման որակով եւ արդյունքով 100 տոկոսով համապատասխան լինեն մեր մտադրություններին, մեր ցանկություններին եւ վերջնական նպատակներին»։