Վերջապես Հայաստանում հայտնվել է դե յուրե իշխանություն, նաեւ առաջացել է դե յուրե ընդդիմություն, ինչն ուղղակի հոյակապ է: Այս մասին դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ վերջապես իշխանություններին լիարժեք քննադատելու հնարավորություն է առաջացել: Ընդ որում՝ Հովհաննիսյանը չբացառեց երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը: «Այն, ինչ այսօր ունենք, մեծ արժեք է, եւ առանց ժողովրդի ակտիվ մասնակցության մենք չէինք ունենա սա, ինչի մասին չի կարելի մոռանալ: Մենք այդպիսի բան չէինք ունենա, եւ այն ամենը, ինչ հիմա ունենք, ուղղակի աննախադեպ է»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության Խորհրդի նախագահը:

Ընդ որում՝ քաղաքական գործիչը նշեց, որ իր զարմանքն է հարուցում այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում իրենք ժամանակին աջակցել են, գանգատվում է իշխանությունից եւ քաղաքական համակարգից, որը փաստացի ինքն էլ հենց ղեկավարում է: «Գործող քաղաքական համակարգի աշխատանքը նրա դեմքն է, դա նրա արտացոլանքն է հայելու մեջ»,- արձանագրեց «Ժառանգության» ղեկավարը՝ Փաշինյանին մաղթելով «քաղաքական միայնակությունից» դուրս գալ: Նա վարչապետին խորհուրդ տվեց իրեն չվերագրել բոլոր հաջողությունները եւ իր վրա դնել եղած խնդիրների դեմ պայքարելու բոլոր լիազորությունները, քանի որ նման մոտեցումը ազգային անվտանգությանը եւ ժողովրդի միասնությանը որոշակի սպառնալիք է ներկայացնում:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ իշխանություններին կոչ արեց չմոռանալ իր հայտարարությունների եւ խոստումների մասին, որոնք ժողովրդին տրվել են հեղափոխության ժամանակ: Նա հիշեցրեց, որ Հայաստանն ունի Ղարաբաղի հարց, Թուրքիայի կողմից սպառնալիք եւ միջազգային քաղաքական տարածքում անորոշ իրավիճակ, այնպես որ՝ նման իրավիճակում «պետք է քո տունը կարգի բերես»: