Կենդանական աշխարհի առանձին ներկայացուցիչներին, հազվագյուտ կամ վերացող կենդանական տեսակներին, այս կամ այն երկրի կամ ժողովրդի կյանքում նշանակալի դեր ունեցող կենդանիներին նվիրված տոների շարքում Կապիկների միջազգային օրը (Monkey Day) կանգուն է եւ զբաղեցնում է իր ուրույն տեղը: Ու դա պայմանավորված է ոչ միայն կենդանու առանձնահատկություններով, որին օրը նվիրված է, այլ նաեւ նրանով, թե ինչպես է տոնն առաջացել, հաղորդում է Calend-ը:

Տոնը չունի միջազգային պաշտոնական կարգավիճակ եւ որեւէ երկրի պետական կամ ազգային տոն չի համարվում: Այն առաջացել է որպես կատակ Միչիգանի համալսարանի ուսանողների շրջանում: 2000 թվականին ուսանողներից մեկն օրացույցում նշել էր դեկտեմբերի 14-ը որպես Կապիկների օր: Այդ հումորային նախաձեռնությունն ավարտվել էր կատակ-տոն հռչակելով, որը նշվել էր ուսանողների կողմից: Սակայն կատակն աստիճանաբար վերածվել էր ավանդույթի, իսկ համացանցն այն դարձրել էր միջազգային:

Հետզհետե տոնը նշելու հումորային երանգը, երբ միջոցառումների մասնակիցները ներկայանում էին կապիկների հանդերձանքով եւ նմանակում այն կենդանիներին, սկսեց ձեռք բերել նոր ձեւեր: Իսկ դա տեղի ունեցավ նախ կենդանաբանների եւ կենդանաբանական այգիների աշխատակիցների շնորհիվ, որոնք սկսեցին զարգացնել որոշակի տոնական ծրագիր Կապիկների միջազգային օրվա առիթով, որում բացի հումորային բովանդակությունից կար նաեւ ճանաչողական ասպեկտ:

Այսօր բազմաթիվ կենդանաբաններ աշխարհում մասնակցում են պրիմատներին նվիրված տոնախմբություններին: Կենդանիների պաշտպանները նույնպես սկսեցին ուշադրություն դարձնել խնդիրներին, որոնց հետ բախվում են կապիկները: Այսօր աշխարհի տարբեր կետերում կենդանաբանական այգիների այցելուները, այդ թվում՝ երեխաները, կարող են ծանոթանալ պրիմատների տարբեր տեսակների հետ, ինչպես նաեւ դրանց զարգացման, սնվելու, բնական միջավայրի առանձնահատկություներին: