Կարեւոր է, որպեսզի Հայաստանից ստացվող տեղեկատվությունը ճիշտ մեկնաբանվի Ռուսաստանում, բայց, ցավոք, միշտ չէ, որ այդպես է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 13-ին ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հեռուստատեսային դաշտում մուլտիպլեքսի միջոցով հեռարձակում են 4 ռուսական ալիքներ (նշեց «Միր» «ռուսական եւ միջպետական» հեռուստաընկերությունը- խմբ.) եւ մոտ 50 ալիք կաբելային ցանցով։ «Դա վկայում է այն մասին, որ Հայաստանի բնակիչները լայնորեն տեղեկացված են Ռուսաստանի իրավիճակի մասին։ Եվ մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանում մարդիկ նույնպես լավ տեղեկացված լինեն Հայաստանի մասին»,- նշեց նա։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Կարապետյանը հավաստիացրեց, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի մասին վկայում են բոլոր մակարդակների բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցելությունները։ «Ռուսական ընկերություններն այսօր հնարավորություն ունեն ազատ ծավալելու իրենց գործունեությունը Հայաստանում, որն այս տարի ցուցադրում է 7 տոկոս տնտեսական աճ։ Սա ԱՊՀ երկրների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Բացի այդ, Հայաստանում ապահովվում են ԶԼՄ-ների ազատությունն ու ինտերնետ հասանելիությունը։ Այս դրական միտումները բարձր են գնահատվում բնակչության կողմից, ինչի մասին վկայում են միջազգային կազմակերպությունների տվյալները»,- եզրափակել է Վլադիմիր Կարապետյանը։