ԱՄՆ Սենատի կողմից 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող N150 բանաձեւի ընդունումը տեղի է ունեցել պատվի ու արժանապատվության շնորհիվ, որոնք ուժեղ են Միացյալ Նահանգներում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը դեկտեմբերի 13-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ, ԱՄՆ նախկին քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ամերիկացիներն առաջին անգամ իրենց ավանդը ներդրել են դեռեւս 104 տարի առաջ։ «Նրանք, ըստ էության, առաջինն էին, որ այդ ամենը տեսել են, եւ նրանց արխիվներում պահպանվել են բազմաթիվ փաստաթղթեր ու վկայություններ այդ ողբերգության մասին։ Դրանք հազարներ են, եթե ոչ տասնյակ հազարներ»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։

Քաղաքական գործիչը նշել է, որ բանաձեւի ընդունումը ամերիկյան կառավարության եւ ԱՄՆ հայկական համայնքի արժանիքն է, իսկ նման որոշման պատճառ են ծառայել Թուրքիայի ապակառուցողական գործողությունները եւ ընդհանրապես նրա դիրքորոշումը Սիրիայի հարցում։ Նա ընդգծեց, որ նման որոշումները հայերին իրենց հայրենիքը չեն վերադարձնի, թեեւ Անկարան վախենում է ԱՄՆ դիրքորոշումից այս հարցում, քանի որ Վաշինգտոնի կարծիքն ազդում է Թուրքիայի դիրքերի վրա միջազգային ասպարեզում։ «Իսկ այժմ մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես այս ամենից օգուտ քաղենք։ Մենք պետք է ինչպես հարկն է նախատեսենք մեր քայլերը, եւ դա կդառնա ապագա հաջողության հիմքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում»,- ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահը՝ ավելացնելով, որ սա կարեւոր քայլ է, քանի որ բազմամյա եւ քրտնաջան աշխատանքի արդյունք է։

Սակայն նա քաղաքացիներին կոչ արեց այս որոշումը չգերագնահատել եւ չթերագնահատել: «ԱՄՆ Սենատի բանաձեւը պետք է ընդունել որպես փաստ եւ առաջ գնալ: Այս որոշումից ավելի կարեւոր է նաեւ այն, որ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեծ թվով վկայություններ ունեն, որոնք պահպանվում են նրանց արխիվներում: Մենք պետք է հասկանանք, որ մեկ բանաձեւի ընդունմամբ Ցեղասպանության ճանաչում չի լինի, եւ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ավելի ուժեղ դառնա»,- ընդգծեց քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ավելի շուտ, շարունակություն կունենա ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ մյուս երկրներում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Ավելի վաղ նույնպիսի բանաձեւ էր ընդունել Ներկայացուցիչների պալատը: