Ողջունում եմ նոր մոտեցումները եւ թեզերը ղարաբաղյան կարգավորման հարցում, մանավանդ եթե  դրանք հակառակ կողմին դնում են դժվար կացության մեջ, բայց այս հարցին պետք է զգույշ  եւ հնարավոր հետեւանքների համապատասխան խոր վերլուծությամբ մոտենալ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը դեկտեմբերի 13-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը։

Նրա խոսքով՝ ցանկացած հայտարարություն՝ ուղղված Բաքվի դիրքերի թուլացմանը, կարող է բումերանգի պես շրջվել հայկական կողմի դեմ։

Հովհաննիսյանը, մասնավորապես, հիշեցրեց, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցելության ընթացում մատնանշել էր, որ անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտության բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ղարաբաղում ապրող համայնքներին, ինչը չի բխում հայկական կողմի շահերից, քանի որ Փաշինյանը խոսում էր հակամարտության մեջ ներգրավված բոլոր ժողովուրդների շահերի հաշվառման մասին՝ հայերի, արցախցիների եւ ադրբեջանցիների։

Այսպիսով, ինչպես կարծում է քաղաքական գործիչը, Ադրբեջանը հնարավորություն է ստացել առաջ տանել խնդրի լուծման իր տեսլականը, այն է՝ բանակցային գործընթացում ներգրավել Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը։

«Մեր վարչապետը շատ խորհրդականներ ունի, բայց նրանք միշտ չէ, որ կարող են լավ խորհուրդ տալ։ Նրանք պետք է հասկանան, որ յուրաքանչյուր որոշումից շատ բան է կախված, որ ցանկացած որոշում կարող է բումերանգի պես շրջվել մեր դեմ։ Եվ ահա այս անգամ մեր թեզը, որոշ ժամանակ հետո, ինչպես փչացած հեռախոսի դեպքում, մեր դեմ շրջվեց այլ ձեւով։ Ուստի, ես կոչ եմ անում ավելի զգույշ եւ հեռատես լինել, գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։