Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ փորձել է բայան նվագել, սակայն ընդհանրապես չի ստացվել՝ մոռացել է:

Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայության տեղեկություններով՝ ուրբաթ Լուկաշենկոն հանդիպել է բժշկական համալսարանների ուսանողների եւ դասախոսների հետ: Ուսանողուհիներից մեկը հարցրել է նախագահին՝ ինչ նա կցանկանար սովորել կյանքում: Լուկաշենկոն պատասխանել է, որ հմուտ է տարբեր ոլորտներում՝ ի տարբերություն նեղ մասնագետներին, ունի շատ գիտելիքներ: Նախագահը պարզաբանել է, որ իր դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե նոր գիտելիքներ ձեռքբերելուն, այլ դրանք խորացնելուն:

«Վերադառնալ երաժշտությանը…Թող արդեն կրտսեր որդիս դրանով զբաղվի, եթե կարիք լինի՝ կնվագի ինձ համար: Այդ ոլորտում ես արդեն չեմ կարողանա խորանալ. փորձել եմ նվագել բայան եւ պարզել, որ պարզապես մոռացել եմ»,-ասել է Լուկաշենկոն:

Նա նաեւ ենթադրել է, որ չի ուսումնասիրի անգլերեն, քանի որ «գլուխն արդեն ծանրաբեռնված է, այնտեղ ոչինչ այլեւս չի տեղավորվի»: Միեւնույն ժամանակ պետության ղեկավարը նշել է, որ օտար լեզու չիմանալը մեծ թերություն է, հատկապես ներկայումս:

Բացի այդ, Լուկաշենկոն հայտարարել է, որ անհանգստացած է շրջակա միջավայրի խնդիրներով: Նա նշել է, որ, որպես գյուղացի մարդ, որը մեծացել է անտառի հարեւանությամբ եւ մշտապես տեսել է դաշտեր, սիրում է բնությունը: «Ես սիրում եմ բնությունը, դա իմ հավատամքն է, ես ստիպում եմ ծառեր տնկել բոլորին՝ սկսած կառավարության անդամներից մինչեւ ուսանողներն ու աշակերտները»,-ասել է նախագահը: