Արմավիրում Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման վերաբերյալ «Լազարյան ակումբի» դիրքորոշումն արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը: Այս մասին դեկտեմբերի 13-ին Երեւանում ընթացող «Լազարյան ակումբի» երրորդ նիստում ասաց քաղաքագիտության դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

«Հատուկ նշանակություն ունի այս հարցում Կոնստանտին Զատուլինի դիրքորոշումը, որը հրապարակվել է լրատվամիջոցներում, ինչպես նաեւ նրա առաջարկը՝ օրենսդրորեն ամրագրել Արմավիրում հատուկ կարծիք ունենալու հայերի իրավունքը, որտեղ նրանք կազմում են քաղաքի բնակչության կեսը»,- նշեց նա:

Գեներալը նաեւ նշեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ սպաների եւ շարքային զինվորների խիզախության հիշատակի կարեւորությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին տեղեկություն էր ստացվել ռուսական Արմավիր քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման մասին:

Նշենք, որ դեկտեմբերի 13-ին Երեւանում ընթանում է ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ նիստը՝ «Ռուս-հայկական երկխոսությունը 2 երկրների արդիական սոցիալ-քաղաքական գործընթացում: Ռուսաստանի եւ Հայաստանի լրատվամիջոցները. անկեղծ զրույց» թեմայով: