«Ինչքան աշխարհում մարդ կա, այնքան աշխարհում հիմարների տեսակ կա»,- ասում էր իմ նենեգա Նարդուհի Ներսեսյանը։ Այս մասին Instagram-ի իր էջում գրել է «Ռուսաստանն այսօր» գործակալության եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Նա չգիտեր կարդալ եւ գրել, սակայն սովորեցրել է ինձ աղոթել, վախենալ Աստծուց եւ չվախենալ մարդկանցից։ Համարյա բոլոր մարդկանցից։ Բացի նրանցից, ում ձեռքում յաթաղան կա։ 1915թ․ նրա աչքի առջեւ յաթաղանով կտրել էին ծնողների, եղբայրների եւ քույրերի գլուխները։ Ավագ ամուսնացած քույրը խուսափելով բռնաբարությունից՝ նետվել էր բարձր տրապիզոնյան ափից եւ խորտակվել։

Ողջ էին մնացել իմ տատիկի մայր Նարդուհին եւ նրա կրտսեր քույր Ալիսան, որի պատվին հետո անվանել են իմ կրտսեր քրոջը։ Նրանց հայրը մահվանից առաջ հասցրել էր նրանց մեկական ոսկե մետաղադրամ տալ, որը տատիկս թաքցրել էր այտի մեջ։ Նրանց երկուսին՝ սպիտակամաշկ, երկնագույն աչքերով, վերցրել են թուրքական ընտանիքները։ Գեղեցիկ աղջիկներին ողջ էին թողնում, որ հետո ամուսնացնեն՝ խառնելով արյունը։

Նրանք մեծացել էին թուրքական ընտանիքում, մինչեւ նենեգային գտել էին ողջ մնացած հարազատները եւ օգնել նրան փախչել Ղրիմ։ Իմ երկրորդ մեծ տատիկը ցեղասպանության ժամանակ հինգ տարեկան է եղել։ Մինչ յաթաղանով մարդիկ կմտնեին նրանց տուն, ծնողները նրան փաթաթել են գորգի մեջ եւ դրել պատի տակ։

Նա կանգնել է այնտեղ եւ լսել, թե ինչպես են սպանում իր հարազատներին։ Իսկ ընտանիքներն այն ժամանակ մեծ էին, եւ նա այնքան երկար է կանգնել։ Նրան այդպես էլ չեն նկատել։ Նա գորգի մեջ է մնացել մինչեւ յաթաղանները գնացել են, եւ նրան հանել են հարեւան թուրքերը։

Այս բոլոր տարիներին Ամերիկան՝ գլխավոր համաշխարհային «իրավապաշտպանը», չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ մերժելով իմ նախնիների հիշատակի իրավունքը։ Չնայած նրան, որ իրենց սեփական ամերիկյան դեսպանը Օսմանյան կայսրությունում 1915թ․ կատարվածն անվանել էր «ռասայի ոչնչացում»։

Չնայած նրան, որ Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարանում մուտքի մոտ կախված է Հիտլերի խոսքերը, որտեղ նա կոչ է անում ոչնչացնել հրեաներին՝ իր կողմնակիցներին հանգստացնելով․ «Պատմությունը կների ձեզ։ Վերջապես, ով է այսօր հիշում հայերի սպանությունները»։ Եւ ահա երեկ, չգիտես ինչու, out of the blue, Սենատը միաձայն ճանաչեց հայկական ցեղասպանությունը։

Ընդամենը Թուրքիան Ռուսաստանից С-400-ներ է գնել։ Շնորհակալություն ձեզ նրա համար, որ հերթական անգամ ցուցադրեցիք սեփական երեսպաշտության անտակ խորքերը։

Փաթաթեք ձեր այդ բանաձեւը ձեր գորգերի մեջ, դրեք ձեր հյուրասենյակներում եւ սայթաքեք դրանց վրա ամեն առավոտ, երբ դպրոց եք ճանապարհում ձեր երեխաներին»։