Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կոչ է արել վերակառուցել երկրի քաղաքական համակարգը։ «Թուրքիայում կառավարողն այլ ծրագիր չունի՝ իշխանությունում մնալուց բացի»,- ասել է Դավութօղլուն՝ հայտարարելով «Ապագայի կուսակցություն» ստեղծելու մասին, տեղեկացնում է AP-ը։

«Ապագայի կուսակցության ստեղծման մասին» հայտարարության հաջորդ օրը Դավութօղլուն ասաց, որ Թուրքիայի դատական համակարգը վերածվել է մեխանիզմի, որից «վախենում» են, այլ ոչ թե «վստահում», իսկ տնտեսությունը «խոր ճգնաժամի մեջ է»։

«Չնայած ճնշումներին եւ վախի մթնոլորտին, որոնք նրանք փորձել են ստեղծել, մենք հավաքվել ենք միասին, որպեսզի հաստատենք դեմոկրատական եւ բարգավաճ ապագա մեր երկրի համար»,- ասել է նա։

Չնշելով Էրդողանին՝ Դավութօղլուն խիստ քննադատել է իշխանության կենտրոնացումը առաջնորդի շուրջ, որը Թուրքիայում կառավարում է 2003 թվականի սկզբից, սկզբում որպես վարչապետ, հետո՝ որպես նախագահ։

«Նախագահական համակարգը կառուցվել է որքան հնարավոր է շատ իշխանություն գործադիր իշխանությանը հանձնելու եւ օրենսդրական ու դատական համակարգերի վրա ազդեցությունն ուժեղացնելու համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պայքարել կոռուպցիայի դեմ եւ երաշխավորել իշխանությունների բաժանումը։ Նա նշել է, որ դատական համակարգի վերահսկման ջանքերը պետք է դիտարկվեն որպես «հանցագործություններից մեծագույնը»։ «Մենք պաշտպանում ենք դեմոկրատական խորհրդարանական համակարգը»,- ավելացրել է նա՝ կոչ անելով ընդունել նոր սահմանադրություն։

Դավութօղլուն հեռացել է Արդարություն եւ զարգացում կուսակցությունից այն բանից հետո, երբ նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը նույնպես հեռացավ ԱԶԿ-ից՝ վկայակոչելով խոր տարաձայնությունները։ Բաբաջանը նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին կհայտարարի մի քանի շաբաթվա ընթացքում։