ԱԳՆ-ն դրական է գնահատում նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցած Հայաստանից, Արցախից եւ Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացումը: Այս մասին դեկտեմբերի 13-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի սկիզբը խոստումնալից է, նկատելի էր կողմերի ակտիվ մասնակցությունը եւ այն հաջողությամբ իրականացնելու ձգտումը, հատկապես կարեւոր է Արցախի լիարժեք մասնակցությունը: Մամուլի քարտուղարն արձանագրեց այն փաստը, որ ադրբեջանական կողմը կառուցողականություն դրսեւորեց, շարունակելու պատրաստակամություն կա:

Ի պատասխան նախապատրաստման շրջանում գաղտնիության մասին հարցին՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ սա 17 տարվա ընդմիջումից հետո առաջին ուղեւորությունն է, անվտանգության, ծրագրի քաղաքականացում թույլ չտալու հարց էր առաջացել: «Ինչ վերաբերում է գաղտնիքին, ապա ադրբեջանցի լրագրողները հանդիպել են մեծ թվով գործընկերների եւ փորձագետների հետ, այնպես որ՝ գաղտնիքի մասին խոսք չի կարող լինել»,- նշեց մամուլի քարտուղարը:

Նաղդալյանը նաեւ ընդգծեց, որ Հայաստանն ու Արցախը մշտապես հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնմամբ: Նրա խոսքով՝ ներկայումս անկախ լարվածության պարբերական պտույտներից, կարելի է արձանագրել ռիսկերի ընդհանուր նվազումը: «Սա հստակ արդյունք է եւ պետք է քայլերը շարունակել»,- նշեց Աննա Նաղդալյանը: