ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննության ավարտը ծիծաղելի է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«ՀՔԾ-ն նախաքննության ավարտի մասին մեզ տեղեկացրեց, եւ տրամադրեց մեզ քրեական գործի նյութերը՝ գրեթե 5 հատորից բաղկացած։ Ծանոթանալուց հետո խիստ զարմացած եմ, որ նման պայմաններում նախաքննության ավարտ է հայտարարվել։ Անհամբեր սպասում եմ, որ այս մեղադրանքով քրեական գործը հայտնվի դատարանում, բավականին ծիծաղելի իրավիճակ էր»,- ասաց Վարոսյանը։

Պաշտպանն ասաց, որ իր պրակտիկայում առաջին անգամ էր հանդիպում այդպիսի կառուցվածքով քրեական գործի.

«Սովորաբար հարուցվում է քրեական գործ՝ ինչ-որ հաղորդման հիման վրա, որից հետո իրականացվում է քննություն, ձեռք են բերվում ապացույցներ, եւ այդ ապացույցների հիման վրա անձին կամ անձանց առաջադրվում է մեղադրանք։

Այս պարագայում մենք ունենք մի իրավիճակ, որ սկզբում առաջադրվել է մեղադրանք՝ հայտնի պատգամավորի հաղորդման հիման վրա, որից հետո նոր ՀՔԾ-ն սկսել է քննություն իրականացնել իր մեղադրանքի շուրջ։ Զավեշտալին այն է, որ իրականացված քննության արդյունքում մեղադրանքի ամեն տողը վարույթ իրականացնող մարմինը հերքել է։ Բայց այս պայմաններում փորձ է արվում գործն ուղարկել դատարան»։

Երվանդ Վարոսյանը հաստատեց նախկինում պնդած իր այն տեսակետը, որ Արսեն Բաբայանը ներկայացված քրեական գործի հետ որեւէ կապ չունի.

«Միանշանակ միջնորդեցինք քրեական գործի վարույթը կարճել, Արսեն Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնել, որովհետեւ այս նկարագրված գործողությունները, որոնք իբր Արսեն Բաբայանը կատարել է, դրանք հանցակազմ չեն կարող պարունակել։ Մեղադրանքում նկարագրված դեպքը որպես այդպիսին գոյություն չունի։  Եթե որեւէ մեկը անձին մեղադրում է մի հանցագործության մեջ, պատասխանատվության կենթարկվի սուտ մատնության համար։ Համոզված եմ, որ այդ սուտ մատնության գնահատականը տրվելու է։

Հաղորդման հեղինակի առաջ հստակ քաղաքական նպատակներ է դրված եղել։ Եվ այդ նպատակները եղել են ՍԴ-ի հետ կապված»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ն Արսեն Բաբայանի գործով նախաքննության ավարտ է հայտարարել։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: 

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է