ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը, «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանն արդեն 10 օրից ավելի է, որ ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել է գրավով՝ գրավի չափ սահմանելով 2 մլն դրամը։

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելու համար։ Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ` այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել: Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել օգոստոսի 3-ին՝ Սեւան-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո եղբոր`Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենա դեպքի վայրից հեռացնելուն դրդրելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ: Պայթյունից հետո իրավապահներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, երբ Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրել են դեպքի վայրից, ապա քիչ անց վերադարձրել: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի` Ռոբերտ Մանուկյանին եւ Մարկոս Մարկոսյանին, որը կալանավորված է։ Պայթյունի առթիվ քննություն է տարվում սպանության փորձի եւ պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով: Այս դրվագով կալանավորված է 3 անձ։