Facebook ընկերության տասնյակ հազարավոր աշխատակիցների անձնական բանկային տվյալները հայտնվել են սպառնալիքի տակ, երբ անհայտ անձը գողացել է մի քանի կորպորատիվ կոշտ սկավառակներ ընկերության աշխատակիցներից մեկի ավտոմեքենայից, գրում է Bloomberg-ը։

Գողացված կոշտ սկավառակներում անձնական բնույթի տեղեկատվություն կա՝ աշխատակիցների անունները, բանկային հաշվեհամարները եւ սոցիալական ապահովագրության համարների վերջին չորս թվերը, տեղեկացնում է պարբերականը՝ հղում կատարելով ընկերության տեղեկատվությանը։

Սկավառակների վրա եղել է նաեւ տեղեկություն դրամական պարգեւատրումների մասին, ներառյալ աշխատավարձերն ու պարգեւավճարները։

Ընդհանուր առմամբ, կրիչների վրա եղել է Facebook-ի 29 հազար աշխատակցի մասին տեղեկատվություն, որոնք աշխատել են ընկերությունում 2018 թվականին։

Միեւնույն ժամանակ, ընկերության մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ սկավառակների վրա չի եղել Facebookի օգտատերերի մասին տեղեկատվություն։

Ներկայում իրավապահ մարմինները հետաքննում են կոշտ սկավառակների գողության փաստը։ Աշխատակիցը, որի մեքենայից գողացել են կրիչները, ենթարկվել է կարգապահական տույժի։

Ինչպես տեղեկացնում է պարբերականը, հանցագործությունը կատարվել է նոյեմբերի 17-ին։