Ուկրաինայի եւ ԱՄՆ դիվանագետներն աշխատում են ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու երկրորդ հանդիպումը նախապատրաստելու ուղղությամբ: Այս մասին Ուկրաինայի եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցերով փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան հայտարարել է Վաշինգտոն այցի ժամանակ, հայտնում է 112.ua-ն: 

«Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգներ նախագահ Զելենսկու լիարժեք այցի կազմակերպման վրա»,- «Ուկրինֆորմ» գործակալությանն ասել է ուկրաինացի դիվանագետը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ Զելենսկու նոր այցը տեղի է ունենալու Թրամփի հրավերով:

ԱՄՆ նախագահը Զելենսկուն Սպիտակ տուն էր հրավիրել Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո:

Կուլեբան ուշադրությունը կենտրոնացրել է ուկրաինա-ամերիկյան հարաբերությունների ռազմավարական բնույթի անխախտության վրա՝ հաշվի առնելով Ուկրաինային Վաշինգտոնի աջակցության բարձր մակարդակը:

Դիվանագետի խոսքով՝ այդպիսի աջակցության ինդիկատորն է ԱՄՆ պաշտպանության կարիքների ֆինանսավորման մասին օրինագիծը, որով Ուկրաինային օգնություն է նախատեսվում 50 մլն դոլարով ավելի, քան նախատեսվում էր նախորդ օրենքով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել 2020 թվականի պաշտպանական բյուջեին, որով նախատեսվում է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության հատկացում: