Երեւանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի բնակիչները բողոքում են, որ արդեն 1 տարի է՝ պարբերաբար ջրի խնդիր են ունենում: Բնակիչներն առօրյա օգտագործման համար ջուըը հավաքում են տարաներում, անհրաժեշտության դեպքում՝ տաքացնում գազօջախին:

«Տաք ջուր չունենք, դանդաղ է գալիս, ջուրը չի տաքանում: Ջուրը դնես գազին, գնաս լողանաս՝ մինչեւ ե՞րբ, մի տարուց ավելի է՝ այդպես ենք լոգանք ընդունել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Լարիսա Սաֆարյանը:

Բնակիչները բազմիցս ահազանգել  են «Վեոլիա ջուր» ընկերություն, եթե անգամ խնդիրը լուծվել է, ապա միայն կարճ ժամանակով: Նրանցից ոմանք ստիպված ջրի մղման պոմպ են տեղադրել, որը, սակայն, հավելյալ ծախսեր է առաջացնում:

«Պոմպը միացնում ենք, փող պետք է վճարենք: Հոսանքի փող է գնում, ջրի փողերը նորմալ վճարում ենք, բայց հավելյալ դրա համար էլ ենք վճարում»,- ասաց բնակիչներից Ջավահիր Մարտիրոսյանը:

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ջրանջատումը ոչ թե իրենց ընկերության աշխատանքի, այլ բնակիչների կողմնակի միջամտության հետեւանք է:

«Այդ փողոցը սնող ջրագծի դիտահորը մի քիչ հեռու է տեղակայված, այնտեղի բնակիչները մի քիչ կարգապահ չեն, ով ինչ անձնական խնդիր ունենում է, գնում է միջամտություն է անում էդ փականին: Ու քանի որ դա հատուկ տիպի փական է, ամեն մարդ չի կարող բացել  ու փակել, դրա հետեւանքով կարգավորված ջրամատակարարումը դառնում է անկարգ»-ասաց նա՝  նշելով, որ վերջին ահազանգից հետո իրենէ այցելել  են թաղամաս, կարգավորել  խնդիրը: Բնակչները, սակայն, տեղեկացրին, որ ջրի հոսքը այս պահին էլ բավարար չէ: