Վիրտուալ ուղիներով անցնող ապագայի գնացքն առաջին անգամ բացել է իր դռները Չինաստանում ուղեւորների առաջ: Առաջին անգամ հայեցակարգը ներկայացվել էր երկու տարի առաջ եւ այժմ գնացքը թողարկվել է կոմերցիոն նպատակով օգտագործման համար, գրում է Planet Today-ը:

Սովորական երկաթգծի փոխարեն գնացքն օգտագործում է սենսորների ցանցը, որը եւ ծառայում է որպես ուղացույց: Ինքը՝ լոկոմոտիվը, նաեւ համալրված է տարատեսակ սենսորների հսկայական քանակությամբ, որոնք թույլ են տալիս չափել առջեւի ճանապարհի չափսերն ու որոշել երթուղին:

Yibin ART T1 գնացքը կարող է զարգացնել մինչեւ 110 կմ/ժ արագություն եւ միաժամանակ տեղափոխել մինչեւ 300 ուղեւոր: Ենթադրվում է, որ տրանսպորտի նոր տեսակից կօգտվի օրական շուրջ 25 հազար մարդ:

Երկաթգծի կառուցումը, որի երկարությունը կազմել է շուրջ 18 կմ, արժեցել է 1125 միլիարդ յուան, այսինքն՝ շուրջ 10 միլիարդ ռուբլի:

Կառավարումը կիրականացվի ավտոմատ կերպով, եւ չնայած գնացքում կլինի օպերատոր՝ նրա դերը կամփոփվի արտակարգ իրավիճակի դեպքում արձագանքման մեջ: Ավելին, եթե գնացքը շեղվի վիրտուալ ռելսերից կամ դրա ճանապարհին հայտնվի խոչընդոտ, կառավարումն ավտոմատ կերպով կփոխվի ձեռքով ռեժիմի:

Հայտնի է նաեւ, որ գնացքում օգտագործված են ռետինե անիվներ պլաստիկից միջուկով, որոնք պատրաստված են եզակի տեխնոլոգիայով: Այդպիսի գնացքի պիտանելիության ժամկետը 25 տարի է: Տասը րոպե տեւողությամբ լիցքավորումն թույլ է տալիս 25 կմ հեռավորություն անցնել:

Ծրագրավորողների խոսքով՝ այդպիսի վիրտուալ երկաթուղային համակարգերի կառուցումն ավելի հեշտ կլինի, քան, օրինակ, տրամվայի համար նախատեսված ուղիները եւ թույլ կտա նշանակալի չափով արագացնել հասարակական տրանսպորտի աշխատանքը միլիոնավոր բնակչություն ունեցող քաղաքներում: