SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են երեկ՝ դեկտեմբերի 14-ին, դանակահարվելուց հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ամբողջական տվայլները, և թե որտեղից են նշված տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:20-ի սահմաններում, Խորենացու փողոցի 29 հասցեում գտնվող Ոսկու շուկայի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ, 17-ամյա Մարտիկ Ո.-ի և Երևանի բնակիչներ 18-ամյա Հովսեփ Մ.-ին, 17-ամյա Սերգեյ Ղ.-ին և 18-ամյա Էմիլ Կ.-ին միջև: Մարտիկ Ո.-ն կասկածվում է նշված անձանց դանակահարելու մեջ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Մարտիկ Ո.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 պատանի: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։Ոստիկանները պարզել էին, որ վիրավորներն են՝ 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ և 18-ամյա Էմիլ Կ.-ն, ով վնասվածք է ստացել դաստակի և ականջի մասում: Վիրավորներից Սերգեյ Ղ.-ն և Հովսեփ Մ.-ն գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում, իսկ Էմիլ Կ.-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել էր մնալ հիվանդանոցում: Մինչ Էրեբունու բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, և այդ պահի տվյալներով, բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չէր սպառնում, Կենտրոնի ոստիկանները պարզել էին, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Խորենացի փողոցից: