Բեյրութի կենտրոնում խորհրդարանի շենքի շրջանում մարդկանց խմբերը ոստիկանության եւ բանակի ջոկատների վրա քարեր են նետում՝ թաքնվելով խաղաղ ցուցարարների շարքերում: Կարգի պահապաններն ակտիվիստներին ցրելու համար իրենց հերթին օգտագործում են արցունքաբեր գազ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է խաղաղ ցույցի մասնակիցը:

«Ինչպես եւ երեկ, սադրիչների խումբը սկսել է ոստիկանների վրա քարեր նետել եւ նրանց վրա հրավառության հրթիռներ կրակել: Մի քանի նախազգուշացումից հետո ոստիկաններն արցունքաբեր գազ օգտագործեցին, որից հետո բազմությունը հետ քաշվեց դեպի «Ալ Նահար» պարբերականի շենք»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ցույցի մասնակցի խոսքով՝ երիտասարդների մի քանի խմբեր մերձակա փողոցներում կոտրել են խանութների ցուցափեղկերը:

«Ալ Ջադիդ» հեռուստաալիքը, վկայակոչելով ՆԳՆ-ին, հայտնում է, որ Բեյրութի կենտրոնում կարգի պահապանները միջոցառումներ չեն ձեռնարկել եւ ակտիվիստներին 1,5 ժամ զսպվածության կոչ են արել՝ մինչ նրանց ուղղությամբ քարեր էին սլանում: Երբ մի քանի ոստիկանները վնասվածքներ են ստացել, սպաները հրաման են արձակել կիրառել արցունքաբեր գազ:

Բեյրութի կենտրոնում բախումների վայր են շարունակում ժամանել շտապ օգնության մեքենաներ եւ բանակի համալրում:

Այս ընթացքում խորհրդարանին հարակից Զոհվածների հրապարակում շիական կուսակցության կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրանային քաղաքի վրա եւ վրանները հրկիզել:

Լիբանանի մյուս խոշոր քաղաքներում եւ հիմնական մայրուղիներում ակտիվիստները փակում են փողոցները՝ այրելով անվադողերն ու աղբամանները:

Ցուցարարների եւ բանակի միջեւ ուժգին դիմակայությունը սկսվել էր շաբաթ տեղական ժամանակով 17:00-ի սահմաններում այն բանից հետո, երբ ակտիվիստների խումբը փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք: Դիմակայությունը՝ քարերի, մահակների եւ արցունքաբեր գազի կիրառմամբ տեւել էր մի քանի ժամ:

Որոշ ժամանակ անց Լիբանանի առանձին քաղաքներից Բեյրութի կենտրոն էին սկսել ժամանել ակտիվիստները՝ իրենց կողմնակիցներին սատարելու համար:

Շաբաթ օրվա երկրորդ կեսին Զոհվածների հրապարակի մոտ «Ռինգ» կամրջի վրա բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ շիական կուսակցությունների կողմնակիցների միջեւ, որոնք փորձել էին ներխուժել հրապարակ եւ ավերել խաղաղ ցուցարարների վրանները: Ագրեսիվ տրամադրված երիտասարդները ոստիկանների վրա քարեր եւ հրավառության հրթիռներ էին նետել: Իրավիճակը հաջողվել էր կայունացնել օժանդակ ուժերի ժամանելուց եւ կաճատեւ բանակցություններից հետո:

Հոկտեմբերի 17-ից Լիբանանում հակակառավարական ցույցեր են սկսվել: Չնայած Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին, հոկտեմբերի 29-ին երկրում հուզումները չէին դադարել: Երկրի տնտեսական եւ ֆինանսական իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային: Երկրի նախագահ Միշել Աունը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ պետությունը տուժում է ֆինանսական շրջափակման եւ պատժամիջոցների պատճառով: