Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:

Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության եւ իրավապահ մարմինների կողմից:

Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի եւ հետեւողականության, զորակոչի գործընթացի օրինականության եւ թափանցիկության ապահովման, կոռուպցիոն երեւույթների բացառման նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա: 

ՀՀ զինված ուժերում ծառայելը եւ սեփական ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի պաշտպանությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Կոչ ենք անում ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով: