Քաղավիացիայի կոմիտե դիմել է մեկ ավիաընկերություն, եւ այժմ ուսումնասիրություններ են իրականացվում. եթե ամեն ինչ նորմալ անցնի, մենք կունենանք տեղական փոխադրող, որն ունենալու է 388 հազար նստատեղ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ հավելելով, որ այս պահին այլ բան չի կարող ասել:

Անդրադառնալով Գյումրիի օդանավակայանին՝ Ռեւազյանը նշեց, թե փաստ է, որ Գյումրիում երկրորդական օդանավակայան է, իսկ քաղաքը տուրիզմի առումով դեռ այնքան աշխույժ չէ, որ ավիաընկերությունները հերթ կանգնեն ու ցանկանան Գյումրիից թռչել. «Դրա համար մենք այլ խթաններ ենք տրամադրում, որ Գյումրին զարգանա եւ ավիաընկերություններ ուզենան թռչել Գյումրիից: Միայն «Պոբեդա» ավիաընկերությունն է Գյումրիից չթվերթ իրականացրել եւ մեկ ուղղությամբ՝ դեպի Ռուսաստան: Այլ տարբերակ չի եղել: Հիմա նաեւ RyanAir»-ն էլ թռչում, հնարավոր է ապագայում WizzAir-ը թռչի Գյումրիից»,-ասաց Ռեւազյանը՝ հավելելով, որ Եվրոպայում պրեզենտացիաների ժամանակ իրենք «Զվարթնոցի» անունը չեն էլ տվել, շեշտը դրել են Գյումրիի օդանավակայանի վրա: