Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան Լիբիայի եւ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանձնարարություն ենք տվել, որի շրջանակում արտաքին գործերի նախարարի տեղակալը, ազգային պաշտպանության նախարարի տեղակալը, ինչպես նաեւ հետախուզության եւ ազգային անվտանգության ներկայացուցիչները շուտով այց կկատարեն Մոսկվա: Մենք համաձայնել ենք քննարկել Լիբիայի եւ Սիրիայի իրավիճակը»,- ասել է նա:

Դեկտեմբերի 12-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը հայտարարել է, որ բանակը սկսում է Տրիպոլիում լայնամասշտաբ գործողությունները, որոնց նպատակն է ահաբեկչական խմբավորումների ոչնչացումը: Դրան ի պատասխան Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարություն» կուսակցությունը սկսել է «Զայրույթի հրաբուխ» գործողությունը: Շարունակվող դիմակայությունը հանգեցրել է հարյուրավոր մարդկանց մահվան եւ կարեւոր ենթակառուցվածքների փլուզման, հազարավոր տեղաբնակներ ստիպված են եղել լքել իրենց տունը:

Լիբիայում զուգահեռաբար գործում են գործադիր իշխանության երկու մարմիններ՝ միջազգայնորեն ճանաչված «Ազգային համաձայնության կառավարությունը» եւ Աբդուլլահ Աբդուրրահման աթ-Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում խորհրդարանի հետ համատեղ եւ ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարի աջակցությամբ: