Ընթացիկ տարում Արցախի տնտեսությունը պահպանել է իր զարգացման դինամիկան. ըստ կանխատեսումների՝ 2019 թվականին համախառն ներքին արդյունքի աճը կկազմի ավելի քան 9 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կլինի մոտ 341 մլրդ դրամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի եւ Արցախի անվտանգություն խորհուրդների համատեղ նիստում իր ելույթում նշեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Նա անդրադարձել է մասնավորապես, Արցախի սոցիալտնտեսական իրավիճակին՝ նշելով հետեւյալը. «2020 թվականին նախատեսվում է, որ ՀՆԱ-ի ծավալը կգերազանցի 375 լրդ դրամը: Ընդհանուր առմամբ, տնտեսության հիմնական ճյուղերում պահպանվել են կայուն զարգացման տեմպերը: Բնական է՝ կան նաեւ շատ անելիքներ: Նախատեսվում է մի շարք մեծածավալ ծրագրերի իրականացնել բնակարանաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների եւ մի շարք այլ ոլորտներում: Որոշ նախագծեր բավականին հավակնոտ են, բայց հուսով ենք, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել: Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի տնտեսական զարգացման կարեւորագույն երաշխավորներից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, նրա մշտական եւ գործուն աջակցությունը»: