Սահմանադրական դատարանը բավարարել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի բողոքը եւ հակասահմանադրական ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի՝ 2018 թվականի փետրվարի 14-ի որոշումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Մելքումյանը։

Նշենք, որ ԲԴԽ-ն որոշում էր կայացրել՝ դադարեցնել Արայիկ Մելքումյանի լիազորությունները։

«ԲԴԽ-ի նման որոշումը միանշանակ չեղյալ է համարվելու։ ՍԴ-ի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։ ԲԴԽ-ն պետք է իմ լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումը վերացնի, եւ վերականգնվեմ նույն պաշտոնին, միաժամանակ, նաեւ վճարելով համապատասխան աշխատավարձ, բաց թողնված պարտադիր պարապմունք լրացնեմ եւ այլն»,- ասաց Մելքումյանը։

Նա հայտնեց, որ ՍԴ դիմելուց անմիջապես հետո դիմել է նաեւ Եվրոպական դատարան. «Ակնկալիքներ ունեի նաեւ Եվրոպական դատարանից՝ համապատասխան վերականգնման եւ հստակ որոշման համար»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲԴԽ-ն կամայականորեն որոշի չկատարել ՍԴ-ի այդ որոշմանը, Մելքումյանը պատասխանեց. «Եթե կամայականության մասով ԲԴԽ-ն որոշի, որ չպետք է ենթարկվի այդ որոշմանը, ապա դա անօրինական կլինի։ Ես չեմ կարծում, որ ԲԴԽ-ն այդ ճանապարհով կգնա»։

Արայիկ Մելքումյանը ներկայացրեց նաեւ իր աշխատանքային հետագա գործունեությունը.

«Նորից նույն պաշտոնին պետք է վերականգնվեմ, դա Դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ կետով նշված է, որ լիազորությունները դադարեցված դատավորը նոր երեւան եկած հանգամանքներով վերականգնման դեպքում վերականգնվում է նույն հաստիքին, միաժամանակ վճարվում է համապատասխան պարապմունքը, եթե նույնիսկ տեղ չլինի այս պահին, ապա դատավորը գնում է ռեզերվային կարգ, որից հետո, երբ տեղ է բացվում, կրկին վերանշանակվում է»։

Մելքումյանը նշեց, որ իր փաստաբանը դիմում կներկայացնի ԲԴԽ-ին, որպեսզի վերացվի իր նկատմամբ կայացված ԲԴԽ որոշումը։

«ԲԴԽ-ի այն անդամները, որոնք Գագիկ Հարությունյանի հետ միաժամանակ ստորագրել են եւ նման որոշում են կայացրել, որն այս պահին ճանաչվել է հակասահմանադրական, շարունակում են աշխատել ԲԴԽ-ում։ Խոսքը վերաբերում է նաեւ Հայկ Հովհաննիսյանին, քանի որ նա իմ լիազորությունների դադարեցումից հետո անմիջապես իր հարցազրույցում նշում է, որ ինքնամաքրման գործընթաց է սկսվել։ Կարծում եմ, որ հակասահմանադրական որոշում կայացնող այդպիսի անձանցից է ինքնամաքրման գործընթացը սկսվում, այսինքն՝ մեկ օր շուտ նրա լիազորությունները պետք է դադարեցվեն»։

Դատավորը նշեց, որ ՍԴ-ի այդ որոշումից հետո իր համար պարզ է՝ ՍԴ-ն անկախ մարմին է դարձել. «Իմ փորձից ելնելով հասկացա, որ ՍԴ-ն անկախ է դարձել  եւ որեւիցե մեկի ազդեցության տակ որոշում չի կայացրել։ Ես գտնում եմ, որ ՍԴ-ն անկախ է գործում։ Նման որոշումից ես այսպիսի եզրահանգման եմ եկել»։

Անդրադառնալով ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծին, Մելքումյանը նշեց, որ դա քաղաքական հարց է, եւ չի ցանկանում մեկնաբանել, այնուամենայնիվ, ասաց. «Այս պահին նման մոտեցումը վարկաբեկում է դատավորներին, դատական իշխանությանը»։