Չորեքշաբթի Վաշինգտոնի մերձակայքում տեղի է ունեցել Սանտա Կլաուսի ջրային դահուկներով ավանդական ելույթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պոտոմակ գետի վրա կես ժամ տեւած ներկայացումը տեղի է ունեցել Ալեքսանդրիա քաղաքի պատմական շրջանի գետափին: Նրան տեսնելու համար հավաքվել էին երեխաների հետ հարյուրավոր մարդիկ:

Նրանց աչքերի առաջ ալիքների վրայով անցել են ծննդյան հեքիաթների հերոսները՝ Գրինչը, փերիները, Սանտա Կլաուսի եղջերուները եւ ինքը՝ Սանտան: Նրանք լուրջ հնարքներ չեն ցուցադրել, միայն «փերիներից» մեկն է սալտո կատարել ստորջրյա թեւով սերֆինգի տախտակով: Ամեն ինչ անցել է առանց միջադեպերի, եթե հաշվի չառնենք, որ «եղջերուներից» մեկը հավասարակշռությունը կորցրել եւ ջուրն է ընկել, որտեղ սպասել է օգնության հասնող նավակին: