Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Քենթրբերիի արքեպիսկոպոս (Անգլիայի եկեղեցու հոգեւոր ղեկավար) Ջասթին Ուելբին եւ Շոտլանդիայի եկեղեցու նախկին մոդերատոր Ջոն Չալմերսը Սուրբ ծնունդի առիթով, որն այսօր նշում են արեւմտյան քրիստոնյաները, ուղերձ են հղել Հարավային Սուդանի առաջնորդներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Սուրբ ծնունդի եւ նոր տարին սկսելու առիթով ցանկանում ենք ձեզ եւ Հարավային Սուդանի ժողովրդին ուղարկել խաղաղության եւ բարօրության լավագույն մաղթանքները՝ երաշխավորելով մեր մերձությունը խաղաղ համաձայնությունների արագ իրականացման ձեր ջանքերին»,- նշված է փաստաթղթում, որի տեքստը տարածել է Սուրբ գահի մամուլի ծառայությունը:

Հոգեւոր առաջնորդները հայտարարել են, որ աղոթում են հաշտեցման եւ եղբայրության ճանապարհին Հարավային Սուդանի առաջընթացի համար, նաեւ հույս են հայտնել, որ հնարավոր կդառնա իրենց երկար սպասված այցն այս աֆրիկյան երկիր:

Ապրիլի 10-11-ը Վատիկանում տեղի էր ունեցել հատուկ հանդիպում Հարավային Սուդանի քաղաքացիական եւ հոգեւոր իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ազգային հաշտեցմանը նպաստելու նպատակով: Ֆրանցիսկոս պապը հավանություն էր տվել այդպիսի հանդիպում կազմակերպելու առաջարկին, որն ավելի վաղ կատարել էր Քենթրբերիի արքեպիսկոպոս Ուելբին: Հանդիպմանը մասնակցել էին Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը, ինչպես նաեւ 5 փոխնախագահներից չորսը, որոնք պետք է իրենց պարտականությունների կատարմանն անցնեին մայիսին: Հանդիպման ավարտին Ֆրանցիսկոս պապը համբուրել էր Հարավային Սուդանի ղեկավարների ոտքերը՝ ի նշան այս երկրում հաշտության հնարավորության:

Հարավային Սուդանը Սուդանից անջատվել է 2011 թվականին: 2013 թվականին երկրում սկսվել է արյունահեղ ռազմական հակամարտություն դինկ ժողովրդի ներկայացուցիչների, որից ծագում է նախագահ Կիիրը, եւ նոեր ցեղի միջեւ, որին է պատկանում նրա գլխավոր քաղաքական ընդդիմախոս Ռիեկ Մաչարը: Հակամարտության հետեւանքով այս երկրում ավելի քան 2 մլն մարդ դարձել է հարկադիր վերաբնակ: 2018 թվականի սեպտեմբերին այս քաղաքական գործիչները, ինչպես նաեւ Սուդանի ազատագրության Ժողովրդական բանակի լեգենդար առաջնորդ Ջոն Գարանգի այրի Ռեբեկա Նյանդենգը Հարավային Սուդանում հակամարտության դադարեցման համաձայնագիր էին ստորագրել՝ պատասխանատվություն ստանձնելով երկրի խաղաղ ապագայի ապահովման համար:

Ֆրանցիսկոս պապը բազմիցս հատուկ աղոթքներ է կատարել Հարավային Սուդանի համար: 2017 թվականի փետրվարին Հռոմում բոլոր սրբերի անգլիկան տաճար այցի ժամանակ պապն անսպասելի հայտարարել էր, որ մտադիր է այս երկիր այցելել, ընդ որում՝ անգլիկան եկեղեցու նորկայացուցիչների հետ միասին: Սակայն ավելի ուշ վատիկանյան Դիկաստերիայի թիրախային մարդկային զարգացման հարցերով պրեֆեկտ, կարդինալ Պիտեր Տարկսոնը հայտարարել էր, որ Հարավային Սուդան պապական այցելության համար առայժմ չկա սուր հումանիտար ճգնաժամ, որը երկիրն ապրում է: