ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կառավարության նիստում անդրադարձավ փաստին, որ այս տարի 270 մլն դրամ է հատկացվել Ամանորի միջոցառումների համար:

«Այս որոշման հիմքում երկու հայեցակարգային որոշում է դրված. Առաջինը, մենք պայմանավորվել ենք, որ մեր քաղաքականությունը պետք է միտված լինի հնարավորություններ ստեղծելուն եւ ընդլայնելուն: Այս առումով մենք պետական միջոցների ծախսման առավել երկար հետագիծ պետք է կարողանանք որդեգրել, որպեսզի ծախսված միջոցներն ավելի մեծ ավելացված արժեք բերեն:

Երկրորդ, մենք խնդիր ենք դնում, որ Ամանորը նշելու մթնոլորտը որոշակի փոփոխություն կրի: Վերջին տարիներին տրենդ էր դառնում, որ մարդիկ նախընտրում էին Ամանորը նշել ՀՀ-ից դուրս, որովհետեւ Ամանորը նշելու այն պայմանները, որ կան Հայաստանում, մարդկանց համար ստեղծում են բազմաթիվ անհարմարություններ:

Մենք ուզում ենք Ամանորը դարձնել իրոք հանրային տոն, որտեղ հանրությունը միասին նշելու հարթակ ունի: Նաեւ Ամանորը ավելի շատ տրամադրության տոն սարքել, քան ուտելիքի, որը հետո վերածվում է որոշակի դեպրեսիվ վիճակների: Մենք աշխատել ենք, որ տոնի մշակութային մասը լինի բավական աշխույժ»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ Ամանորից առաջ մեր ընտանիքները կանգնում են ենկընտրանքի առջեւ, թե ինչի վրա ծախսել գումարը. «Այս երշիկից գնել, թե չգնել, կամ որքան գնել: Ես առաջարկում եմ էս մտածումների փուլում ուղղակի որոշում կայացնել եւ Ամանորի առիթով հարազատներին, ընկերներին, բարեկամներին տոմս նվիրել, տոմս գնել եւ նվիրել», – ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ մշակութային հաստատությունները հենց տոմսերի միջոցով պետք է ապահովեն իրենց եկամուտները։ Փաշինյանի խոսքով՝ դեռ չեն ասում, թե պետք է մշակութային օջախները պետական հատկացում չստանան, բայց դրանք պետք է նաեւ ապահովեն իրենց սեփական եկամուտները։