Ռուսաստանի հետ հարաբերություններում որեւէ կոլապս չկա, ինչի մասին խոսում էին շատերը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած իրադարձություններից հետո: Ավելին, շարունակվում է անվտանգության ոլորտում համագործակցությունը: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նկատեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չպետք է դուր գա Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության միջոցը, եւ դա բնական է: «Սակայն Ռուսաստանում, ինչպես եւ Հայաստանում, ունակ են տարանջատելու մարդկանց եւ երկրի նկատմամբ վերաբերմունքը: Մոսկվայում լավ են հասկանում, թե ինչպես են մարդիկ իշխանության եկել եւ ինչ գործընթացների են նրանք նախկինում մասնակցել, սակայն նրանց հետ համագործակցությունը չի դադարում օբյեկտիվ պատճառներով»,- նշեց նա:

Քաղաքագետը հիշեցրեց, որ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում քվեարկել է ԵՏՄ-ին անդամակցության դեմ, սակայն իշխանության գալուց հետո այլ դիրքորոշում ունի Միության նկատմամբ, ինչը եւս հասկանալի է: