Չինաստանը կոչ է անում բոլոր երկրներին հարգել Իրաքի եւ Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով ամերիկյան ՌՕՈւ հարվածները «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման դիրքերին Սիրիայում եւ Իրաքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք համոզված ենք, որ բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան ՄԱԿ կանոնադրությանը եւ միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Անհրաժեշտ է հարգել Իրաքի եւ Սիրիայի անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- ասել է դիվանագետը։ Նա նաեւ նշել է, որ Պեկինը «բոլոր կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ իրավիճակի թեժացումից»։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆմանն ասել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրաքում եւ Սիրիայում «Հեզբոլլահի» հինգ օբյեկտների, «ի պատասխան իրաքյան բազաներին «Քաթաիբ Հեզբոլլահին» վերագրվող գրոհների»։ Պաշտպանական գերատեսչության ներկայացուցչի վարկածով՝ «Քաթաիբ Հեզբոլլահը» պատասխանատու է ուրբաթ Քիրքուկի մոտ գտնվող ռազմակայանի հրթիռակոծման համար, ինչի հետեւանքով զոհվել է ամերիկացի պայմանագրային քաղաքացիական աշխատակից։

«Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը ենթարկվում է շիական «Ալ Հաշդ աշ Շաաբի» կազմավորման ընդհանուր հրամանատարությանը, որոնք մարտնչում էին իրաքյան բանակի կողմում եւ ներդրում են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջխաման գործում։ Բացի այդ, Իրաքի շիական աշխարհազորայինները մասնակցել են ԻՊ ավազակախմբերի դեմ գործողություններում սիրիական Բու Քեմալ շրջանի տարածքում։