Ամուլսարի պահապանները Նոր տարին կդիմավորեն սարի պահպանության  հենակետերում` պոստերում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացնում է բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը:

«Էս նախատոնական նարդի, բլոտ եք խաղում հա՞: Էս վիդեոն նկարում եմ, որ մի քանի հոգի ասեն` էս պարապ պորտաբույծները  նստել են, ճանապարհը փակել են,  ներդրման դեմը կտրել են,  նարդի են խաղում: Ժողովուրդ մենք Նոր տարվա գիշերը Ամուլսարի պոստում ենք լինելու, ովքեր որ կցանկանան Նոր տարին դիմավորեն Ամուլսարի պոստում, կրակի մոտ, մեծ սիրով կսպասենք իրենց»,- ասաց նա:

Նշենք, որ այս տարի սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «առնվազն այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմք չկա»։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ այս պահին Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված նախարարությունն իր շրջանակում գտնվող հարցերի հետ կապված ուսումնասիրություն է իրականացնում:

Բնապահպաններն էլ շարունակում են փակ պահել Ամուլսար տանող ճանապարհները` խոչընդոտելով «Լիդիանի» գործունեությանը: