Կրասնոդարի մարզում Կրիմսկից Նովոուկրաինսկի երթուղով ընթացող ավտոբուսի վարորդ Պավել Բալյանին անվանում են Ամանորի հրաշագործ:

Ինչպես հայտնում է «Ռեգիոն online» պարբերականը, վարորդին այդպես են անվանում, քանի որ նա ավտոբուսի սրահում տեղադրել է ամանորյա եղեւնի եւ փոքրիկ ուղեւորներին նվիրում է քաղցրավենիք ու մրգեր: Իսկ դրա հետ մեկտեղ բոլորը ստանում են լավ տրամադրություն եւ լիցքավորվում դրական հույզերով:

Սոցցանցերի օգտատերերը, մեկը մյուսին հերթ չտալով, հիանում են №117 ավտոբուսի վարորդով: Նրանք ասում են, որ Պավել Բալյանի նման մարդիկ ստեղծում են լավ տրամադրություն եւ նվիրում ժպիտներ:

Սոցցանցերում վարորդին մաղթում են առողջություն, բարեկեցություն, ընտանեկան երջանկություն եւ բարգավաճում:

«Ինչքա՜ն լավն է: Չե՞ որ լավ տրամադրություն ստեղծելն այնքան կարեւոր է: Թո՛ղ ավելանա բարությունը. աշխարհը կդառնար ավելի լավը»,-գրում են հետեւորդները:

Նրանք ցանկություն են հայտնում, որ Բալյանի նման մարդիկ շատ լինեն: