Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմկակերպության (ԵԱՀԿ) նախագահող երկրի պարտականությունները 2019-ին նախագահությունն իրականացրած Սլովակիայից չորեքշաբթի անցան Ալբանիային։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սլովակիայի ԱԳՆ խոսնակ Բորիս Գանդելը։

ԵԱՀԿ-ում Սլովակիան հանդես է եկել «Դեպի մարդն ուղղված նախագահություն» կարգախոսով։ Նրա առաջնահերթություններն են եղել․ գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը եւ ծագող հակամարտությունների կանխարգելումը, արդյունավետ մուլտիլատերալիզմը եւ մոլորակի անվտանգ ապագայի ապահովումը։ Բրատիսլավան առանձնակի ուշադրություն է դարձրել Ուկրաինայի արեւելքում իրադրության նորմալացման գործընթացին։

Նշված առաջնահերթությունների իրագործման պարտականությունները Սլովակիայի կառավարությունը դրել էր արտգործնախարար Միրոսլավ Լայչակի վրա։ Նրա ղեկավարությամբ է անցել ԵԱՀԿ-ում հանրապետության նախագահության գործընթացը։ ԱԳՆ ղեկավարն այցելել է ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների գոտիներ։ Նա, մասնավորապես, բազմիցս այցելել է Ուկրաինա եւ գտնվել է Դոնբասում հակամարտության գծում։

«Սլովակիայի կողմից արդեն 2019-ի սկզբին առաջարկվել են Ուկրաինայի արեւելքում վստահության ամրապնդմանն ուղղված համալիր միջոցառումներ։ Դրանք ուղղված են եղել տարածաշրջանի բնակչության համար հակամարտության բացասական ազդեցության մեղմացմանը»,- նշել է Գանդելը։

Դիվանագետի կարծիքով ԵԱՀԿ-ում նախագահությունը Սլովակիայի դիվանագիտության համար լուրջ մարտահրավեր է եղել, դա եղել է համաշխարհային մակարդակով նրա հնարավորությունների հաջող ցուցադրության հնարավորություն։ Սլովակիային որպես հեղինակավոր միջազգային կազմակերպության նախագահող պետության հաջողվել է ակտիվացնել երկխոսությունը ԵԱՀԿ տարածաշրջանում բարդագույն խնդիրների շուրջ, նշում է նա։