Ֆրանսիական «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» (CGT) արհմիության ղեկավար Ֆիլիպ Մարտինեզը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ամանորյա ուղերձում չի գտել կենսաթոշակային բարեփոխմանը առնչվող հարցերի պատասխանը եւ երկրի քաղաքացիներին կոչ է արել էլ ավելի զանգվածային գործադուլների։ Այդ մասին նա հայտարարել է BFM հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այդպես երկրի բնակիչները պետք է ավելի հզոր «տագնապի ազդանշան» տան նախագահին եւ նրան հայտնեն, որ երկրում կան չլուծված հարցեր, նշել է նա։

Միաժամանակ, լրագրողի այն հարցին, թե ցանկանում է նա արդյոք ֆրանսիացիներին զրկել տեղափոխվելու իրավունքից եւ խանգարել աշխատավայր հասնել, երբ խոսում է երկրի բոլոր ութ նավթավերամշակման գործարանների փակման մասին, CGT-ի առաջնորդը պատասխանել է, որ «եթե գործադուլ է ընթանում, այդ թվում նաեւ կրթական ոլորտում, երեխաները դպրոց չեն հաճախում»։

Մակրոնը երեքշաբթի իր ամանորյա ուղերձում վստահեցրել է, որ կիրականացնի արհմիությունների այդքան սուր հակազդեցությանն արժանացած կենսաթոշակային բարեփոխումը։ Նա նշել է, որ կառավարությանը հանձնարարել է «գտնել փոխզիջումային լուծում», եւ չնայած բոլորի համար նոր համակարգի հավասարության մասին նախկինում արված հայտարարությանը, խոստացել է ֆիզիկապես ծանր աշխատանք կատարողների համար նախատեսել ավելի վաղ կենսաթոշակի անցնելու հնրավորություն։ Խոսելով ընթացող բողոքների եւ քաղաքական պայքարի մասին, նա նշել է, որ միջոցներ կկիրառվեն «ազգային միասնությունը խաթարողների դեմ»։

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ գործադուլների շարքը արհմիությունների նախաձեռնությամբ սկսվել է դեկտեմբերի 5-ին։ Ցույցերին մասնակցում են տրանսպորտի ոլորտի աշխատողները, բժիշկները, ուսուցիչները, դատապաշտպանները, հրշեջները եւ շատ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս կենսաթոշակային բարեփոխման դեմ։ Նրանց դժգոհության գլխավոր պատճառներից է քաղաքացիների տասնյակ խմբերի համար կենսաթոշակային սակագնի վերացման կառավարության որոշումը, ինչպես նաեւ՝ մինչեւ 64 տարեկանն ավելացնել այն տարիքը, երբ կենսաթոշակը վճարվում է ողջ ծավալով։ Արհմիությունները հայտարարել են, որ մտադիր են շարունակել գործադուլն այնքան, քանի դեռ Ֆրանսիայի կառավարությունը չի հրաժարվի կենսաթոշակային բարեփոխման գոյություն ունեցող տարբերակից։