Ադրբեջանում տեղ են գտել ինտերնետը գրաքննության ենթարկելու փորձեր, սակայն ոչ ակնհայտ: Այդ մասին նշվում է Freedom House-ի նոր զեկույցում, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ինտերնետում գրաքննություն իրականացնելուն:

Ադրբեջանի կառավարությանը քննադատող բազմաթիվ լրագրողներ ենթարկվել են ճնշումների ու հետապնդումների, իսկ որոշները պաշտոնատար անձանց քննադատելու համար` նույնիսկ ծեծի:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով` անկախ եւ ընդդիմադիր լրագրողներն աշխատում են իշխանությունների մշտական ճնշումների ներքո: Նրանցից շատերը վստահ են, որ Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի նախարարությունները հետեւում են հեռախոսային խոսակցություններին, ինտերնետ շփումներին: Հսկողության տակ են հատկապես արտասահմանցիների, եւ միջազգային կազմակերպությունների հետ կապեր ունեցող   գործրարների հեռախոսներն ու ինտերնետ հեռահաղորդակցության միջոցները:

Օրինակի համար, դեպք է գրանցվել, երբ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը քննել է 43 մարդ, որոնք քվեարկել են «Եվրատեսիլում» հայ մասնակցի օգտին:

«OpenNet Intitiative» կազմակերպության տվյալներով` Ադրբեջանի կառավարությունը չի կիրառում ինտերնետի ուղիղ գրաքննություն, թեեւ բավականին կոպիտ է վարվում քաղաքական ընդդիմության հետ:

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ կառավարությունը որեւէ կերպ չի միջամտում երկրի ինտերներտ տիրույթին: Իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները սովորաբար այդ ոլորտին ուղղված քննադատությունն անվանում են միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձ: