ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Իրաքում իրավիճակի լարվածության թուլացման, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման հարցը։ Այս մասին ասվում է կիրակի ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ գերագույն հանձնակատարը Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցություններ է վարել Իրաքի իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով լարվածության եւ թեժացումը նվազեցնելու, ինչպես նաեւ ԳՀՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը, որը վճռական դեր է խաղում գլոբալ անվտանգության ապահովման գործում,- ասվում է հայտարարությունում։- Ժոզեպ Բորելը Զարիֆին հրավիրել է Բրյուսել այս խնդրի շուրջ բանավեճը շարունակելու համար։ Նա հայտնել է ԵՄ պատրաստակամությունը՝ ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ միջնորդական ծառայություն լարվածության թուլացման համար»։ Զարիֆի այցի հնարավոր ամսաթիվ առայժմ չի նշվում։

Բորելը նաեւ «խոր մտահոգություն է հայտնել Իրաքում բռնության սաստկացման եւ առճակատման խորացման առնչությամբ՝ ներառյալ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար), գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ավիահարվածի հետեւանքով»։ «Նա Իրանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ մանրակրկիտ չափակցել իր պատասխան գործողությունները՝ խուսափելու համար հետագա թեժացումից, որը կվնասի ամբողջ տարածաշրջանին ու նրա բնակիչներին»,- նշվում է հայտարարությունում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՏԱՍՍ-ին Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը, Եվրամիությունում զգուշանում են, որ հակամարտության սրումն Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կարող է հանգեցնել ԳՀՀԾ վերջնական փլուզման։

Հունվարի 3-ին Պենտագոնը տեղեկացրել էր գործողության մասին, որի ընթացքում Բաղդադի օդանավակայանի մոտ սպանվել է գեներալ Սոլեյմանին։ Հրթիռային հարվածը ավտոշարասյանը, որի մեջ էր զորահրամանատարը, հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։