Գերմանիան անվտանգության նկատառումներով իր զինծառայողների մի մասին Իրաքից կտեղափոխի Քուվեյթ եւ Հորդանան: Այս մասին նշված է Բունդեսթագին հղած Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի եւ պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերի նամակում, հայտնում է DW-ն: 

Խոսքն առաջին հերթին վերաբերում է Բաղդադում եւ Իրաքի մայրաքաղաքից ոչ հեռու Թաջի քաղաքում գտնվող զինվորականներին:

Ներկայումս Իրաքում են շուրջ 120 գերմանացի զինծառայողներ, որոնք տեղական անվտանգության ուժերին պատրաստում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար: Գրեթե 30 զինվոր բնակեցված է Բաղդադից հյուսիս Թաջի ռազմակայանում, մի քանի զինվորականներ անմիջապես Իրաքի մայրաքաղաքում են, իսկ մոտ 90 մարդ՝ Իրաքի հյուսիսում համեմատաբար հանդարտ քրդական նահանգներում:

«Մենք, բնականաբար, կհարգենք Իրաքի կառավարության ցանկացած ինքնիշխան որոշում: Մենք ընդհանուր առմամբ պատրաստ ենք շարունակելու մեր հուսալի օգնությունը միջազգայնորեն համաձայնեցված շրջանակում, քանի դեռ դա կցանկանա Իրաքը եւ թույլ կտա իրադրությունը»,- նշված է գերմանացի նախարարների նամակում:

Միացյալ Նահանգները հունվարի 3-ին ավիահարված էր հասցրել Բաղդադի օդանավակայանին, որի հետեւանքով սպանվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Ի պատասխան հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանը պահանջել էր դադարեցնել երկրում արտասահմանյան ռազմական ներկայությունը: Այս հարցով վերջնական որոշումը պետք է ընդունի երկրի կառավարությունը: