Իրաքում ԱՄՆ ավիահարվածը, որի հետեւանքով զոհվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, կարող է անուղղակի հետեւանքներ ունենալ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման դիվանագիտական որոշման տեսակետից, հայտնում է The Associated Press-ը:

Փորձագետիների կարծիքով՝ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածության էսկալացիան կնվազեցնի Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների կայունացման առանց այն էլ մարող հույսը եւ երկրի իշխանություններին կոգեշնչի ավելի ամուր պահել իր սպառազինությունը, որը համարում է իր գոյատեւման ուժեղագույն երաշխիքը:

Գործակալությունը նշում է, որ գեներալ Սոլեյմանիի սպանությանը Հյուսիսային Կորեայի նախանական արձագանքը զգուշավոր էր: Երկրի պետական լրատվամիջոցները մի քանի օր շարունակ լռում էին, եւ միայն երկուշաբթի են հանդես եկել տեղի ունեցածի վերաբերյալ կարճ հաղորդագրությամբ՝ անգամ չնշելով իրանցի գեներալի անունը:

Ընդ որում՝ Հյուսիսային Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը ոչ մի անգամ Վաշինգտոնին ուղղված որեւէ քննադատություն չի հրապարակել՝ դրա փոխարեն միայն հայտնելով այն մասին, որ Ռուսաստանն ու Չինաստանը դատապարտել են Բաղդադի օդանավակայանի մոտ ավիահարվածը:

Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունները փակուղի էին մտել դեռեւս անցյալ տարվա փետրվարին, երբ 2 երկրների առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողովը տապալվել էր Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները զինաթափման հետ «փոխանակելու» հարցում անհամաձայնության պատճառով:

Գործակալությունն ընդգծում է, որ Հյուսիսային Կորեան կարող է իրանցի գեներալի սպանությունն օգտագործել իր դիրքորոշման լեգիտիմացման համար՝ ուղղված միջուկային զինանոցի ամրապնդմանը որպես «ամերիկյան ագրեսիան զսպելու միջոց»: