Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի այն պնդումը, թե 2009 թվականին կատարվել են ընդամենը մեխանիկական տարաբաժանումներ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին գրում է GPARTNERS իրավաբանական ընկերության կառավարիչ Սարգիս Գրիգորյանը։

«Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել էր Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին։ Պրն. Խաչատրյանի մոտեցումները 300.1-րդ հոդվածի վերաբերյալ անընդունելի են և պարունակում են մակերեսային վերլուծություններ։ Այն պնդումը, թե 2009 թվականին կատարվել են ընդամենը մեխանիկական տարաբաժանումներ, չի համապատասխանում իրականությանը։ Զրուցակիցը նաև միտումնաբար չի ներկայացնում 300.1-րդ հոդվածի ընդունման պատմական դրդապատճառները, որոնք էական նշանակություն ունեն այդ հոդվածի մեկնաբանության և կիրառելիության վրա։

Այսպիսով, պրն. Խաչատրյանը չի անդրադառնում այն հարցին, թե արդյոք 300.1-րդ հոդվածը բավարարում է ՄԻԵԴ-ի նախադեպերով ձևավորված իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, որոնք ակնհայտորեն ավելի բարձր ստանդարտներ են։ Հարկ է նշել, որ որոշակիությունը իրավունքի գերակայության հիմնարար հենասույներից մեկն է։ Ավելին, զրուցակիցը նաև չի անդրադառնում «օրենքի որակի» գործոնների բացակայությանը։ Այդ գործոնները նույնպես հստակ ամրագրված են ՄԻԵԴ-ի պրակտիկայում և կոչված են ապահովելու կամայականություններից պաշտպանության երաշխիքները, որոնք ակնհայտորեն չեն տրամադրվում թե՛ քննչական և թե՛ դատախազական մարմինների կողմից, ինչպես նաև դատարանների կողմից։

Այսպիսով, 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իրավական որոշակիության պահանջներին և չի ապահովում այդ նորմի կանխատեսելիու¬թյանը ներկայացվող պահանջները: Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ներքին օրենսդրությամբ ազատությունից զրկելու պայմանները հստակ սահմանված լինեն, և օրենքն ինքնին կանխատեսելի լինի իր կիրառման մեջ, այնպես, որ այն համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափանիշին` չափանիշ, որը պահանջում է, որ բոլոր օրենքները բավականաչափ հստակ լինել, որպեսզի անձը կարողանա կանխատեսել, թե ինչ հետևանքներ կարող են առաջացնել իր կողմից կատարված գործողությունները։

Կարևոր է նար ընդգծել, որ 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում նաև Եվրամիության արդարադատության դատարանի նախադեպային իրավունքով սահմանված իրավական որաշակիության սկզբունքին` որը պահանջում է իրավական նորմի (1) կայունություն (օրինական ակնկալիքներ սպասելիքներ) և (2) պարզություն (օրենքի մատչելիություն և կանխատեսելիություն):

Պետք է նաև նշել, որ և՛ օրենսդիրը, և՛ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը դիտարկել են որակապես նոր՝ ինքնուրույն հանցակազմ, այլ ոչ թե նախկինում առկա հանցակազմի խմբագրում կամ տեխնիկական բնույթի փոփոխություն: Այսպես, Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի եզրակացության 16-րդ կետում, որը վերաբերում է առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին, ուղղակիորեն նշված է. «Այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ ամրագրելով առանձին հանցագործություն` սահմանադրական կարգը տապալելը, նույնպես, ըստ ամենայնի, ընդունելի է»: Միաժամանակ, ԱԺ-ի կողմից 300.1-րդ հոդվածը բարձր մակարդակի հստակության աստիճանով օժտված չլինելու փաստը նույնպես արձանագրվել է, ինչը, ՄԻԵԴ-ի նախադեպի լույսի ներքո, ևս կարևոր հանգամանք է:

Ավելին, ըստ իրավակիրառ պրակտիկայի՝ 300.1-րդ հոդվածը 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին կիրառելի չէ։ Այսպիսով, 2008 թվականին հարուցվել էին մի շարք գործեր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով։ Այնուհետև 2009 թվականի մարտի 31-ին դատախազների կողմից որոշում էր կայացվել քրեական հետապնդումից մասամբ հրաժարվելու մասին։ Որպես քրեական հետապնդումից հրաժարվելու պատճառաբանություն նշվել էր, որ 2009 թվականի մարտի 18-ին ըն-դունված քրեական օրենսգրքում փոփոխու¬թյուններով և լրացումներով, ըստ էության, սահ¬մանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր։ Դատախազների այդ որոշումը նաև ասում է, որ նկատի ունենալով, որ Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հան¬ցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի՝ ամբաստանյալների՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։

ՄԻԵԴ-ը բազմիցս արձանագրել է, որ հետադարձ ուժի արգելքը հանդիսանում է իրավուն¬քի գերակայության սկզբունքի առանցքային բաղադրիչներից մեկը, և քրեական օրենս¬գրքի նորմերի կանխատեսելիությունն ու Եվրոպական կոնվենցիայի պահանջներին դրա համապա¬տասխանությունը որոշվում է նաև իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունների շրջանակներում:

ՄԻԵԴ-ի պրակտիկայում, Կոնվեցիայի 7-րդ հոդվածի դեպքում կիրառված օրենքի որակը ուսումնասիրելիս կիրառողը. «պարտավոր է, մասնավորապես, համոզվել, թե արդյո՞ք օրենքի տեքստը, դա մեկնաբանող դատական նախադեպերի ընդհանուր համատեքստում բավարարում է մատչելիության և կանխատեսելիության պահանջներին: Այս դեպքում դատարանը պետք է ուշադրություն դարձնի ներպետական օրենսդրությունը, որպես ամբողջություն և այն, թե ինչպե՞ս է այն կիրառվել խնդրո առարկա ժամանակահատվածում» (Kafkaris v. Cyprus):

Ավելին, ՄԻԵԴ-ն, անդրադառնալով մեկ այլ գործով, մասնավորապես՝ Էստոնիայի դատախազության որոշակիորեն նման գործողություններին, երբ դիրքորոշման կտրուկ փոփոխություններ էին տեղի ունեցել, արձանագրել էր, որ. «… այն արմատական փոփոխությունը, որ տեղի է ունեցել կիրառելի նորմի մեկնաբանման ժամանակ, տվյալ իրավիճակում նույնպես ակնառու է դարձնում այդ նորմի անբավարար հստակությունը և կանխատեսելիությունը» (Liivik v. Estonia): Հենց այդ գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում»,-գրել է նա: